Կառավարությունն անհիմն թանկացումները չի հանդուրժելու. վարչապետ

11725_am_1Կառավարությունն անհիմն թանկացումները չի հանդուրժելու: Այսպիսի հայտարարություն է արել վարչապետ Հովիկ Աբրահամյանը գործադիրի դեկտեմբերի 18-ի նիստին, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից: Վարչապետը տեղեկացրել է, որ հանդիպում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի ներկայացուցիչների, համապատասխան գերատեսչությունների և տնտեսվարողների հետ: Նրա խոսքով՝ «միջազգային գործընկերներն ամբողջովին աջակցում են արտաքին շոկերով պայմանավորված փոխարժեքի սուր տատանումների իրավիճակում ֆինանսական շուկայի կայունացմանն ուղղված կառավարության քայլերին»: «Երեկ օրվա երկրորդ կեսից և այսօր ֆինանսական շուկայում նկատվում է կայունացման միտում, որը վստահ եմ՝ շարունակվելու է: Սակայն մենք անհանգստացած ենք փոխանակման կետերում գնման և վաճառքի մեծ մարժաներով և սպառողական շուկայում տեղի ունեցող որոշ գործընթացներով: Մասնավորապես, երեկ շաքարի, ալյուրի և լայն սպառման մի շարք ապրանքների գծով ակնհայտ գների բարձրացում կար: Ես առաջարկում եմ պարոն Շաբոյանին, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական  հանձնաժողովը մանրամասն ուսումնասիրի այս ապրանքատեսակների առևտուրը և ինձ տեղեկություն ներկայացնի ամենօրյա կտրվածքով: Հորդորում եմ ձեզ ամենայն խստությամբ մոտենալ այս չարաշահումներին»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:Նա առողջապահության նախարարին հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել դեղորայքի շուկայի իրավիճակը:

Վարչապետը դեկտեմբերի 17-ին հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ «ֆինանսական շուկայի ներկա զարգացումները հիմնականում պայմանավորված են գլոբալ և տարածաշրջանային զարգացումներով, որոնք զերծ չեն ակնհայտ սպեկուլյատիվ տարրերից»:

Նույն օրը Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մամուլի ասուլին հայտարարել էր, որ «ներկայում դրամը գերարժեզրկված է և սպեկուլյացիոն և անհարկի խուճապային իրավիճակը վերանալուց հետո դրամը զգալիորեն կարժևորվի»՝ հորդորելով ձեռնպահ մնալ փոխարժեքի տատանման վրա գումար աշխատելու գայթակղությունից։

Ակնարկ

Նոյեմբերի 24-ին դրամը մեկ օրում արժեզրկվեց 4%-ով՝ 1 դոլարը 415 դրամից դարձավ 435 դրամ։ Հետագա օրերին դրամը շարունակեց արժեզրկվել՝ հասնելով մինչև 1 դոլարի դիմաց 470 դրամ սահմանին։

2009թ. մարտի 3-ին, երբ դրամը մեկ օրում արժեզրկվեց 20%-ով, Կենտրոնական բանկը հայտարարեց լողացող փոխարժեքի քաղաքականությանն անցնելու մասին, և շուկայում ինտերվենցիաներ իրականացնում էր միայն փոխարժեքի խոշոր տատանումների դեպքում։

Գլխավոր դրամատունը դեկտեմբերի 8-ին հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ մինչև տարեվերջ որդեգրում է նոր մոտեցում. ամեն օր սակարկությունների միջոցով իրականացնելու է արտարժույթի վաճառքներ` նախապես հայտարարված առավելագույն սահմանաքանակով։

Դեկտեմբերի 17-ի առավոտյան դրամ-դոլար փոխարժեքը կազմել է 560դրամ/1դոլար, դրամ-եվրո փոխարժեքը՝ 675դրամ/1 եվրո:

Դեկտեմբերի 18-ի կեսօրին դրամ-դոլար փոխարժեքը կազմել է 480-510 դրամ/1 դոլար, իսկ դրամ-եվրո փոխարժեքը՝ 590-630 դրամ/1 եվրո: