Սահմանամերձ 32 համայնքների փոխհատուցում կտրամադրվի

aygeparԿառավարությունը դեկտեմբերի 18-ին հաստատել է սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ 32 համայնքների ցանկը, և այս համայնքներին տրվող սոցիալական աջակցության տրամադրման կարգը: Այդ համայնքներն են՝

Արարատի մարզում՝ Երասխ,

Գեղարքունիքի մարզում՝ Վահան, Ճամբարակ,

Վայոց ձորի մարզում՝ Խաչիկ, Խնձորուտ, Սերս, Նոր Ազնվաբերդ, Բարձրունի,

Տավուշի մարզում՝ Ներքին Կարմիր աղբյուր, Ոսկեվան, Չորաթան, Կողբ, Վազաշեն, Բերքաբեր, Չինարի, Արծվաբերդ, Ծաղկավան (Իջևանի շրջ.), Մոսեսգեղ, Դովեղ, Պառավաքար, Բերդավան, Բարեկամավան, Կոթի, Բաղանիս, Սարիգյուղ, Այգեձոր, Կիրանց, Այգեպար, Սևքար, Այգեհովիտ, Վերին Կարմիրաղբյուր:

Առաջարկվել է «Գազպրոմ Արմենիա»-ին 2015թ. հունվարի 1-ից մինչև 2015թ. դեկտեմբերի 31-ը աջակցություն ստացող համայնքների բնական գազ սպառող բնակիչ-բաժանորդներից մինչև 360 խոր. մետր բնական գազի քանակության վճարումը գանձել հաստատված սակագնից նվազեցված գնով՝ 50 տոկոսի չափով ընդ որում` գանձվող գնի տարբերության գումարը կփոխհատուցվի «Գազպրոմ Արմենիա»-ին:«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ին առաջարկվել է նույն ժամանակահատվածում էլեկտրաէներգիա սպառող բնակիչ-բաժանորդներից մինչև 1440 կՎտ էլեկտրաէներգիայի համար վճարումը գանձել ևս հաստատված սակագնից նվազեցված գնով՝ 50 տոկոսի չափով, ընդ որում` գանձվող գնի տարբերության գումարը ընկերությանը կփոխհատուցվի:

Գործադիրը սահմանել է, որ 2015թ. հունվարի 1-ից մինչև 2015թ. դեկտեմբերի 31-ը սահմանամերձ համայնքների ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքում գտնվող ֆիզիկական և իրավաբանական անձանց օգտագործած ոռոգման ջրի դիմաց գանձվող վարձավճարի 50 տոկոսը կփոխհատուցի կառավարությունը: Նաև սահմանվել է, որ նշված համայնքների վարչական տարածքում գտնվող, մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքների համար վճարման ենթակա հողի հարկի և այդ հողերի վրա ունեցած անշարժ գույքի գույքահարկի տարեկան գումարը հարկ վճարող անձանց անունից համապատասխան համայնքի բյուջե կվճարի  կառավարությունը:

Նիստի ավարտին կազմվել է կառավարության անդամների` Ամանորին զորամասեր և սահմանամերձ համայնքներ այցելելու ժամանակացույցը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել է այդ ավանդույթը շարունակելու անհրաժեշտությունը: «Տարեմուտին փորձենք բոլորս լինել որևէ զորամասում, սահմանամերձ գյուղում: Կարծում եմ՝ դա ճիշտ կլինի նաև բարոյական տեսակետից, երբ կառավարության անդամները, գերատեսչությունների ղեկավարները անպայման այցելեն մեր զինվորներին»,- ասել է վարչապետը: