Այն, ինչ հիմա կատարվում է, միայն սկիզբն է

«Ինվեստ Ակտիվ Քլաբ» (Invest Active Club) ընկերության վերլուծաբան Գրիգորի Գրիգորյանը ՍիվիլՆեթի հետ զրուցել է դրամի արժեզրկման պատճառների, Կենտրոնական բանկի և կառավարության անելիքների մասին։ Invest Active Club-ը Հայաստանում զբաղվում է սոցիալական թրեյդինգով։ Հարցազրույցը տեղի է ունեցել դեկտեմբերի 17-ին։

Կենտրոնական բանկը դեկտեմբերի 17-ին հայտարարեց, որ բավականաչափ պաշարներ  և հնարավորություն ունի գնաճը զսպելու համար։ Եթե ԿԲն ունի այդ հնարավորությունը, ըստ ձեզ, ինչո՞վ է պայմանավորված դրամի արժեզրկումը և գնաճը Հայաստանում։

– Իրականում իրավիճակը մի քիչ անսովոր է, քանի որ նման խնդիրների մինչ այժմ չենք առերեսվել: Դիտարկելով անցյալ տարի Թուրքիայում՝ թուրքական լիրայի հետ տեղի ունեցած զարգացումները, երբ նրանք շատ արագ բարձրացրին վերաֆինանսավորման տոկոսադրույքը,- դա օրերս կրկնվեց նաև Ռուսաստանում, երբ վերաֆինանսավորման տոկոսադրույքը  բարձրացվեց 10,5 տոկոսից մինչև 17 տոկոս,- կարծում եմ, ամենայն հավանականությամբ նույնը մեզ է սպասում՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը կբարձրացվի: Կենտրոնական բանկը մի շարք գործիքներ ունի, որոնք թույլ կտան պահպանել հայկական դրամի փոխարժեքը: Որքան հասկանում եմ՝ հարցը հիմնականում գնաճին է վերաբերում, գնաճն այն գործոնն է, որը շարունակ ճնշելու է տնտեսությունը:

Այն, ինչ հիմա կատարվում է, իրականում միայն սկիզբն է: Երկրները, որոնք ցանկանում են մեր տարածաշրջանը հասցնել խուճապային վիճակի, հաջողում են: Բայց եթե դիտարկենք ոչ թե զարգացած երկրները, այլ զարգացող տնտեսությունները, ապա կտեսնենք, որ դոլարի դիրքը այլ արժույթների նկատմամբ ամրապնդվում է, սա միայն Ռուսաստանին, Հայաստանին կամ  մի շարք գործընկեր երկրներին չի վերաբերում, ընդհանուր իրավիճակը շատ վատ է և՛ Վենեսուելայում, և՛ Բրազիլիայում, և՛ մի շարք այլ երկրներում, որոնց տնտեսությունը հիմնված է հումքի վրա, և այն վատթարանալու է՝ դոլարի ամրապնդմանը զուգահեռ:

Իրավիճակը և խուճապը, որի մասին խոսում ենք, որքանո՞վ է կառավարելի։ Ի վերջո, ի՞նչ կարող է անել կառավարությունը և ԿԲն ստեղծված վիճակը մեղմելու համար։

– Լավագույն քայլը վերաֆինանսավորման տոկոսադրույքն անհապաղ բարձրացնելն է և արտարժութային ինտերվենցիաներ կատարելը: Այսօր [դեկտեմբերի 17-ին] Ռուսաստանի կենտրոնական բանկը շուկա է մտել ավելի քան 1 մլրդ դոլարով, որով սկսեց ազդել փողի իրացվելիության վրա: Այդ իրացվելիությունը թույլ է տալու գոնե կարգավորել պահանջարկ-առաջարկի շուկան: Հիմա դոլարի  պահանջարկն ահռելի է, դոլարի պահանջարկի արհեստական բարձրացումը պարզապես հանգեցնում է դոլարի գնի բարձրացմանը: Հասկանալի է, որ այս ընթացքում մեծ ծավալներով ազատվում են հայկական դրամից, բոլորը շտապում են դոլար գնել: Ասեմ ավելին, Ռուսաստանում տարեվերջին վարկային վճարումներ կան, որոնք ընկերությունները պիտի լրացնեն, և բնական է, որ նրանք, ովքեր պիտի դոլարով վճարեն, կրկին գնում են այդ արժույթը, ինչի ֆոնին դոլարը շարունակում է աճել: Այդ խուճապը կարելի է կառավարել: Ես արդեն նշեցի՝ ինչ կարող է անել Կենտրոնական բանկը. ինտերվենցիաները կարող են բաժին-բաժին կատարվել՝ ամենօրյա, շաբաթական: Բացի այդ, կարելի է կանոնակարգել մանրածախ վաճառքի ցանցերը, սուպերմարկետները, խանութները, մեծածախ վաճառքով զբաղվող ընկերությունները, փոքր ու միջին բիզնեսներին աջակցել, որպեսզի արտահանմամբ և ներկրմամբ զբաղվող ընկերությունները չտուժեն գնային այսպիսի մեծ տատանումներից: Իրականում կան գործիքներ, որոնք կարելի է գործածել:

Ամենակարևորը, որի մասին երեկ ասաց Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը. նրան հարցրին՝ չե՞ք կարծում, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը ուշ եք բարձրացրել, և նա պատասխանեց. «Եթե այդքան խելոք եք, այստեղ նստեիք ու ավելի շուտ բարձրացնեիք»:  Բայց, փաստորեն, ուշացրել են, որովհետև տոկոսադրույքը պիտի ավելի վաղ բարձրացնեին: Հայաստանում խնդիրն այն է, թե արդյո՞ք Կենտրոնական բանկը ժամանակին կբարձրացնի տոկոսադրույքը, թե՞ կուշացնի: Չեմ կարող ոչինչ ասել, խնդիրը Կենտրոնական բանկինն է:

Բայց կրկնում եմ՝ առաջին քայլը պիտի վերաֆինանսավորման տկոսադրույքի բարձրացումը լինի այն չափով, որը թույլ կտա եթե ոչ արժևորել հայկական դրամը, ապա գոնե պահպանել ներկա վիճակը:

Եթե Կենտրոնական բանկն այնուամենայնիվ շուկայից չհանի դրամը և թույլ տա, որ դրամդոլար հարաբերությունը կարգավորվի բնական ճանապարհով, ինչպիսին կլինեն հունվարփետրվար ամիսները։ Դրամի արժեզրկման գործընթացի սկզբին, երբ ԿԲ-ն շուկա ներարկեց մեծ քանակությամբ դոլար, եղան տնտեսագետներ, որ քննադատեցին՝ ասելով, որ ճիշտ կլիներ, որ Կենտրոնական բանկը միջամտությունը չաներ այդ ճանապարհով։

-Վատ է լինելու: Եթե Կենտրոնական բանկը չկարգավորի իրավիճակը, վատ կլինի: Օրինակ՝ ես երեկ շփվում էի Ռուսատանի կենտրոնական բանկում աշխատող իմ գործընկերների հետ, և նրանցից շատերն ասում են, որ բանկի հատկացրած դոլարային փոխարժեքով փողը մարդկանց չի հասնում։ Կենտրոնական բանկը խոշոր վարկեր է տրամադրում խոշոր ընկերություններին, որոնք պետք է որ մարեն իրենց դոլարային պարտքերը, բայց այդ փողերը ոչ մի տեղ չեն գնում, դրանք շարունակում են սպեկուլյատիվ կերպով շրջանառվել շուկայում:

Օրինակ՝ այսօր [դեկտեմբերի 18-ին] ԱՄՆ-ում պիտի որոշում կայացվի վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման մասին: Այդ նիստը տեղի է ունենում տարեկան ութ անգամ և մեծապես ազդում է ԱՄՆ դոլարի դիրքի վրա: Մենք ակնկալում ենք, որ այսօրվա նիստից հետո դոլարը  կպահպանի իր բարձր դիրքը, այսինքն, ամեն դեպքում, միտումը կպահպանվի:  Մեր հաճախորդներն ավելի ու ավելի հաճախ գալիս են ԱՄՆ դոլարներով, և այդ փողով բորսայում գումար են աշխատում: Այսինքն մեզ համար, իբրև ֆինանսական շուկայի պրոֆեսիոնալ մասնակիցների, այս իրավիճակը երանելի է,  մենք կուզենայինք դրան առերեսվել ամեն օր: Ինչու, որովհետև ֆինանսական շուկայում մեծ տատանումները մեզ թույլ են տալիս ավելի շատ վաստակել:

Հիմա, եթե Կենտրոնական բանկը չկարողանա կառավարել վիճակը, և եթե անհատները, իրավաբանական անձինք և նույն բանկերը շարունակեն առևտուրը և գործարքը բորսայում անել այդ փողերով, և դրանք տնտեսության մեջ չներմուծվեն՝ իրավիճակը կվատանա: Եթե Կենտրոնական բանկը ստիպի բանկերին երկար չպահել այդ փողերն իրենց հաշվեկշիռներում, որքան հասկանում եմ՝ դրանք հիմա դոլար չեն վաճառում, այլ իրապես աշխատեն պահպանել հավասարակշռությունը պահանջարկի ու առաջարկի շուկայում, ապա իրավիճակն այնքան էլ ողբալի չի լինի:

Այսինքն, ստեղծված իրավիճակում բավական մեծ է սպեկուլյատիվ գործոնը։

– Անշուշտ։ Պետք է վերահսկել իրականում, քանի որ Կենտրոնական բանկին սա ավելի թանկ կարժենա: Կենտրոնական բանկը հիմա կարող է սկսել կարգավորել նման գործունեությունը՝ դրանով ապահովագրելով իրեն ապագայում: Այդ դեպքում հունվար, փետրվար և մարտ ամիսներին Հայաստանում շատ ավելի բարվոք վիճակ կլինի: Բայց եթե Կենտրոնական բանկը բաց թողնի պահը, և այդ փողերը, որոնք հիմա ներարկվում են տնտեսության մեջ, իրական տնտեսություն չհասնեն, այս ամենը կլինի միայն գնաճի  սկիզբը:

Ինչպե՞ս քաղաքացին կառավարի իր ունեցած ֆինանսները, որպեսզի ստեղծված իրավիճակից դուրս գա քիչ վնասներով։

-Ներդրումային մարտավարություն ընտրելիս ես միշտ հակված եմ պահպանողական մոտեցումներին և չեմ հավանում ագրեսիվ մոտեցումը: Պահպանողական մոտեցումը ենթադրում է դրամը պահել բազմարժութային ձևով, այսինքն՝ մի մասը պահել դոլարով, մի մասը եվրոյով, մի մասն էլ ազգային արժույթով, նույնիսկ մի մասն էլ կարելի է ռուբլիով պահել, որովհետև եթե նույնիսկ ռուբլին ընկնում է, իսկ դոլարն ամրապնդվում է, մենք որոշակի հավասարակշռության մեջ ենք պահում մեր ներդրումները: Եթե դիտարկենք այս հարցը մեր ընկերության տեսանկյունից, որը ներդրումներով և ֆինանսական շուկաներում գործարքներով է զբաղվում, ապա մեզ համար հիմա գումար վաստակելու պահ է:

Չմտածել, չնստել, չպահել փողը բանկում, որովհետև բանկում այն շատ արագ արժեզրկվելու է: Այսինքն՝ ռուբլու անկումը 100 տոկոսով իրականում միայն սկիզբն է: Եվ որքան խուճապն աճի, այնքան ավելի մեծ ճնշման տակ կլինի ազգային արժույթը: Մենք կամ պիտի պարզապես հետևենք այս ամենին, կամ ապրանք գնենք, չպահենք փողը փողի տեսքով, այլ գնենք տեխնիկա, մեքենաներ, նվազագույնը՝ սնունդ։

Իմ հաճախորդներից ոմանք երեկ արդեն պարկերով  ընդեղեն են գնել՝ բրինձ, հնդկաձավար և այլն: Սա տարբերակներից մեկն է, մյուսը ստեղծված իրավիճակում վաստակելն է:

Երեք-չորս տարի առաջ Goldman Sachs խոշորագույն ներդրումային բանկի թրեյդերներից մեկն ասել էր, որ ոչ մի երկրում, ոչ մի կենտրոնական բանկ չի կառավարում և չի կարող կառավարել ֆինանսական շուկաները, դրանք իրենք են կառավարում: Ով ուզում է գումար վաստակել մեզ հետ, նա վաստակում է: Հասկանալի է, որ բնակչության 95 տոկոսը տուժելու է, չհասկանալով, թե ինչպես է հնարավոր այս պայմաններում վաստակել՝ չտիրապետելով գործիքներին կամ համապատասխան կրթություն ու գիտելիք չունենալով, բայց նրանց համար, ովքեր գիտեն, թե ինչպես է դա արվում, մեր դռները բաց են, եկեք և վաստակեք:

Ըստ ձեզ, որքա՞ն կշարունակվի ստեղծված վիճակը։

-Սա միայն սկիզբն է: Եթե հիշում եք՝ անցյալ տարի ես նորից այստեղ էի, այս տաղավարում և ասում էի, որ ռուբլու անկումը շատ երկար է տևելու և սրընթաց է լինելու: Անցավ երեք ամիս և ես կրկին հարցազրույց տվեցի, քանի որ իմ կանխատեսումները համընկան շուկայի իրողություններին։ Հիմա, որքան շուտ Ռուսաստանի կենտրոնական բանկը վերահսկի իրավիճակը, այնքան մեծ կլինեն ռուբլու շանսերը: Որքան Հայաստանի Կենտրոնական բանկը վերահսկի իրավիճակը, այնքան մեծ կլինեն դրամի շանսերը, այսինքն ամեն ինչ կախված է Կենտրոնական բանկի համար ձեռնտու կամ հետաքրքիր իրավիճակից կամ մոդելից: Բայց պետք է լավ հասկանանք, որ Կենտրոնական բանկը և բանկի ղեկավարները և երկրի ղեկավարը այն մարդիկ են, որոնք կարգավորում են իրենց գործունեությունը, իսկ մենք, որպես ֆիզիկական անձինք և սպառողներ, դրա հետ կապ չունենք: Այսինքն՝ կա գնաճային ճնշում, որը նրանք պիտի զսպեն, կան արտաքին պարտքեր, որոնք կամ պիտի մարվեն, կամ գոնե սպասարկվեն:

Հայաստանի ԿԲն ունի՞ ռեսուրսներ և կարողանո՞ւմ է արդյոք համարժեք արձագանքել ստեղծված վիճակին։

-Կարծում եմ՝ այո: Ռեսուրսներ կան՝ ինչպես մարդկային, այսինքն մտավոր, այնպես էլ ֆինանսական: Ավելին, դրամի արժեզրկումը պայմանավորված է ռուբլու անկման հետ, քանի որ Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերը Ռուսաստանն է, և քանի որ Ռուսաստանում հիմա իրավիճակն այնքան էլ բարենպաստ չէ՝ այդ ամենը բումերանգի էֆեկտով անդրադառնում է Հայաստանի վրա։ Այսինքն, եթե Ռուսաստանում իրավիճակը կարգավորվի, այն կկարգավորվի նաև Հայաստանում: Մեզ մոտ իրավիճակն այնքան էլ վատ չէ, և նոր-նոր է բարդանում, այնպես որ այն կարելի է հենց հիմա կանխել:

Զրուցել է Արփի Մախսուդյանը