KFW-ն €50 մլն կտրամադրի Ախուրյանի վրայի Կապսի ջրամբարի վերականգնմանը

TH-KapsԿառավարությունը դեկտեմբերի 18-ի նիստին հավանություն է տվել Հայաստանի և գերմանական KFW բանկի միջև «Համատեղված ջրային պաշարների կառավարում/Ախուրյան գետ 1-ին փուլ» 50 մլն եվրո արժողությամբ վարկային և 2 մլն եվրո արժողությամբ դրամաշնորհային համաձայնագրերի նախագծերին։

Տրամադրվող միջոցներն ուղղվելու են Կապսի ջրամբարի վերականգնմանը, ինչպես նաև դրա ենթակառուցվածքների վերազինմանը: Մասնավորապես՝ նշյալ միջոցները բացառապես օգտագործվելու են գյուղատնտեսական ոռոգման նպատակով Ախուրյան գետի վրա 25 մլն մ³ ծավալով Կապսի ջրամբարը վերականգնելու և շինարարական աշխատանքներն ավարտելու, գետային համակարգի վերին հոսանքներում ջրի կառավարումը բարելավելու, ինչպես նաև հարակից ծառայությունների համար:

Վարկային համաձայնագրով նախատեսված միջոցները տրամադրվելու են 15 տարի մարման ժամկետով, որից հինգը՝ արտոնյալ։