Էրդողանը եվրապաշտոնյաներին հրավիրում է Թուրքիա՝ «ժողովրդավարության դասեր» առնելու
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատական նոր հայտարարությամբ է հանդես եկել Եվրոպական Միության (ԵՄ) հասցեին՝ ասելով, թե Բրյուսելը Անկարային «ժողովրդավարության դասեր տալու իրավունք չունի»:
«Նրանք ասում են՝ ժողովրդավարության դաս կտան Թուրքիային: Բարի եղեք՝ եկեք Թուրքիա, որ նա՛ ձեզ ժողովրդավարության դաս տա»,- դեկտեմբերի 17-ին Քոնիայում ելույթ ունենալիս ասել է Էրդողանը:
Hurriyet Daily News-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի նախագահը խորհուրդ է տվել Բրյուսելին «նայել հայելու մեջ», հատկապես՝ Եգիպտոսի և Սիրիայի հարցերում և խոստացել, որ Թուրքիան երբեք չի լինի ԵՄ-ի «դռնապանը»: Ավելին՝ Թուրքիայի առաջնորդն ընդգծել է, որ ԵՄ-ն չի կարող վերաբերվել Թուրքիային որպես քավության նոխազի և առաջարկել Միությանը նախևառաջ «սեփական սխալները տեսնել»:
«Նրանք, ովքեր փակել են աչքերը Սիրիայում և անտեսել Պաղեստինում տեղի ունեցած կոտորածները, չեն կարող ազատություն և ժողովրդավարություն քարոզել»,- Toady’s Zaman-ը մեջբերում է Էրդողանին:
Թուրքիայի ղեկավարի վերջին այս հայտարարությունը վերջին օրերին պաշտոնական Անկարայի և Բրյուսելի լեզվակռվում հերթական դրվագն է:
Ստամբուլի ոստիկանությունը դեկտեմբերի 14-ին ձերբակալել է մոտ 30 հոգու՝ Թուրքիայի մեդիա ոլորտի ազդեցիկ մի շարք անձանց, որոնց թվում՝ երկրում ամենամեծ տպաքանակն ունեցող օրաթերթերից Zaman-ի գլխավոր խմբագիր Էքրեմ Դումանլըին: Թուրքական մամուլի դեմ այս հարվածը քննադատել են ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսում: Առաջիններից օպերացիային արձագանքել է ԵՄ-ն՝ ի դեմս Արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի և Եվրոպական հարևանության և ընդլայնման քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհանես Հանի, որոնք իրենց համատեղ հայտարարության մեջ ասել են, որ Թուրքիա իրենց այցից ընդամենը մի քանի օր անց տեղի ունեցած այս օպերացիան «հակասում է եվրոպական արժեքներին ու չափորոշիչներին»:
Էրդողանը միանգամից արձագանքել էր քննադատությանը. «Ոչ ոք իրավունք չունի միջամտելու Թուրքիայի անվտանգության ուժերի ձեռնարկած գործողություններին. ԵՄ-ն թող զբաղվի իր գործով և իր կարծիքն իրեն պահի»:
Թուրքիայի նախագահի հայտարարությունն առաջացրել է Ֆեդերիկա Մոգերինիի զարմանքը, որը հայտարարությունից ընդամենը մեկ շաբաթ առաջ այցով Թուրքիայում էր, որտեղ, «կառուցողական բանակցություններ են ունեցել թուրքական կողմի հետ»:
Դադարեցնել Թուրքիայում օրենքի գերակայության դեմ պարբերական հարվածները
Եվրոպայից Թուրքիայի հասցեին քննադատությունը չի սահմանափակվել Մոգերինիի և Հանի հայտարարությամբ:
Եվրախորհրդարանի փոխնախագահ Ալեքսանդր Գրաֆ Լամբսդորֆն ասել է, որ Թուրքիայի հայտարարությունը, թե ցանկանում է միանալ ԵՄ-ին, չի համապատասխանում կառավարության գործողություններին:
«Լրագրողների, խմբագիրների ու հրատարակիչների դեմ թուրքական կառավարության պարբերական գործողությունները նշանակում են, որ ԵՄ-ին անդամակցության գործընթացում այլևս չեն իրագործվում Կոպենհագենյան չափանիշները»,- նկատել է Լամբսդորֆը:
Եվրախորհրդարանի մեկ այլ անդամ՝ Մարիետ Շաակեն, շեշտել է, որ պետք է դադարեցնել «Թուրքիայում օրենքի գերակայության դեմ պարբերական հարվածները»:
Թուրքիայի գծով Եվրախորհրդարանի զեկուցող Կատի Պիռլին իր խոր մտահոգությունն է հայտնել թուրքական հեղինակավոր լրատվամիջոցների լրագրողներին ձերբակալելու առնչությամբ:
«Դեկտեմբերի 14-ի իրադարձությունները ԵՄ-ում խոր մտահոգություն են առաջացրել ժողովրդավարական բարեփոխումների ոլորտում առաջընթացի հասնելու Թուրքիայի ցանկության վերաբերյալ»,- ասել է Պիռլին:
Քննադատական հայտարարությամբ է հանդես եկել ԵՄ-ի մեկ այլ մարմին՝ Խորհուրդը, որը հայտարարել է, որ մի շարք լրագրողների ձերբակալությունը հարցականի տակ է դնում երկրի հարգանքը մամուլի ազատության հանդեպ, որը բնութագրվում է որպես «ժողովրդավարության առանցքային սկզբունք»: