Վաքըֆցիների համար նոր շինություն կկառուցվի

Շինության  հիմքը գցվել է դեկտեմբերի 7-ին` Վաքըֆի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցիում կիրակնօրյա պատարագից հետո: Շինության հիմքը գցվել է դեկտեմբերի 7-ին` Վաքըֆի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցիում կիրակնօրյա պատարագից հետո:

Թուրքիայի վերջին հայաբնակ գյուղում` Վաքըֆում, [Հաթայ նահանգ, Սիրիայի հետ սահմանին – ՍիվիլՆեթ) բնակիչների կարիքների համար շինություն է կառուցվելու, որն ըստ Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» շաբաթաթերթի՝ կենսական նշանակություն ունի գյուղի համար: Շինության  հիմքը գցվել է դեկտեմբերի 7-ին` Վաքըֆի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցիում մատուցված կիրակնօրյա պատարագից հետո:

Ավելի քան 500 ք/մ տարածք զբաղեցնող համալիրն ընդգրկելու է հոգևորականների համար նախատեսված կացարան, հյուրերի համար սենյակներ, տարբեր նպատակների ծառայող 150 հուգու համար նախատեսված մեծ սրահ և փոքր արտադրամաս: Շինությունը նախագծել են Ստամբուլում գործող Հայ ճարտարապետների ու ճարտարագետների միության [«Հայճար» – ՍիվիլՆեթ] մասնագետները: Ճարտարապետներն են Սասնուհի Մուշլյանն ու Լորի Զաքարը, ինժեներները՝ Նազար Բինաթլըն, Լեոն Էրարսլանը և Այքուն Ջոշքունը:

Արարողությանը բացի գյուղի բնակիչներից և «Հայճարի» մասնագետներից մասնակցում էին նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները: Արարողության ժամանակ հանդես է եկել բարերար Միհրան Ուլիկյանը` հույս հայտնելով, որ կարճ ժամանակում համալիրը ավարտին կհասցվի:

Համալիրի շինարարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև օգոստոսի 16-ին նշվող Սուրբ Աստվածածնի տոնը, որի տոնակատարությունները մեծ շուքով են անցկացվում հայկական գյուղում:

Հատկապես կարևորություն է տրվում հոգևորականների համար սենյակին, որը հնարավորություն կտա, որ հայ հոգևորականներն ավելի երկար մնան գյուղում: Շինությունը կառուցվելու է բարերարների աջակցությամբ: Վաքըֆի բնակիչները հույս ունեն, որ հայկական համայնքի օժանդակությունը շարունակական կլինի:

Թուրքիայի վերջին հայաբնակ գյուղը գտնվում է Մուսա լեռան փեշերին: Գյուղի պատմության ու Վաքըֆցիների միության մասին ավելին՝ տեսանյութում: