Սերժ Սարգսյանը և Ժոզեֆ Դոլը քննարկել են ԵՄ-Հայաստան համագործակցության հեռանկարները

Serzh-BrusselsԱշխատանքային այցով Բրյուսելում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 18-ին մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) ընդլայնված ձևաչափով գագաթաժողովին:

Ինչպես հաղորդում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, գագաթաժողովից հետո Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլի հետ: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ նման հանդիպումները լավ առիթ են միջկուսակցական կապերի ամրապնդման շուրջ մտքեր փոխանակելու, ԵՄ-Հայաստան հարաբերությունների զարգացման հեռանկարները քննարկելու, ինչպես նաև առկա մարտահրավերներին ու խնդիրներին անդրադառնալու համար:

Հանրապետության նախագահը վերահաստատել է ԵԺԿ-ի հետ հետագա համագործակցության հարցում Հայաստանի պատրաստակամությունն ու շահագրգռվածությունը: Նախագահը նշել է, որ Եվրոպական միությունը եղել և շարունակում է մնալ Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը:

Հանդիպմանը քննարկվել են ԵՄ-ի հետ համագործակցության նոր օրակարգի ձևավորմանն առնչվող հարցեր: Զրուցակիցներն անդրադարձել են նաև Եվրոպական ժողովրդական կուսակցության հետ Հայաստանի հանրապետական կուսակցության համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցերին, այդ թվում՝ տարբեր միջխորհրդարանական կառույցների շրջանակում: