Համաշխարհային բանկը $75 մլն կհատկացնի Հայաստանին

ՀԲ-ն նշում է, որ իր ծրագրերի շնորհիվ ավելացել է կովի ու ոչխարի կաթի արտադրությունը համապատասխանաբար 11%-ով և 6%-ով ՀԲ-ն նշում է, որ իր ծրագրերի շնորհիվ Հայաստանում ավելացել է կովի ու ոչխարի կաթի արտադրությունը համապատասխանաբար 11%-ով և 6%-ով:

Համաշխարհային բանկը (ՀԲ) հաջորդ շաբաթ 75 մլն դոլար կհատկացնի Հայաստանի կառավարությանը, հայտարարել է ՀԲ երևանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին։

Համապատասխան վարկային համաձայնագիրը ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և ՀԲ հայաստանյան գրասենյակի տնօրենը ստորագրել էին նոյեմբերի 19-ին։

Ինչպես տեղեկացնում են ՀԲ հայաստանյան գրասենյակից, բանկը դեկտեմբերի 19-ին ամփոփել է ընթացիկ տարում Հայաստանին տրամադրած ֆինանսական օժանդակությունը և վերահաստատել, որ 2015թ. ընթացքում կշարունակի գործակցությունը թե՛ պետական քաղաքականության բարեփոխումների ուղղությամբ՝ տրամադրելով վարկային ռեսուրսներ, թե՛ ճյուղային ծրագրերի ուղղությամբ՝ կատարելով ներդրումներ, որոնք շոշափելի դրական տեղաշարժեր կապահովեն երկրի բնակչության համար:

«2014թ. ընթացքում գործող ճյուղային ծրագրերի իրականցման նպատակով փաստացի հատկացվել է ավելի քան 40 մլն դոլար: Հաջորդ շաբաթ մեր զարգացման քաղաքականության վարկի շրջանակում նախատեսվում է խոշոր՝ 75 մլն դոլար գումարի հատկացումը կառավարությանը։ 2015թ. առաջին կեսին կանխատեսվում է ամսական հատկացումների բարձր մակարդակ. սկզբում մոտ 5 մլն դոլար ամեն ամիս՝ աստիճանական ավելացման հեռանկարով, քանի որ 2014թ. ընթացքում հաստատված հինգ նոր ծրագրերը ևս կսկսեն գործել ու տեսանելի արդյունքներ կապահովեն հայ ընտանիքների համար»,- ասել է Լորա Բեյլին։

Ներկայում իրականացման ակտիվ փուլում են Համաշխարհային բանի 13 ճյուղային ծրագրեր։ Ըստ հաղորդագրության՝ դրանց շնորհիվ գյուղական բնակչության 60%-ի համար ապահովվել են հասանելի ճանապարհներ տարվա բոլոր եղանակներին, ավելացել է կովի ու ոչխարի կաթի արտադրությունը համապատասխանաբար 11%-ով և 6%-ով, վերջին չորս տարվա ընթացքում եռապատկվել է համակարգիչներից օգտվողների թիվը, բացվել է Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը, և խթանվել է ձեռնարկատիրական նորարարությունը հյուսիսարևելյան շրջաններում, համայնքային ենթակառուցվածքներին ուղղված 290 փոքր ծրագրերի շրջանակում ձևավորվել է 584.160 ժամ աշխատանքի հնարավորություն, որի դիմաց վարձատրությունը կազմել է 8,9 մլն դոլար, գյուղական համայնքներում կառուցվել ու վերանորոգվել են 100 բժշկական կենտրոններ, 200 պետական բժշկական կենտրոններ ապահովվել են ստանդարտ բժշկական սարքավորումներով, պարագաներով, կահույքով և տեխնիկայով, վերանորոգվել ու կառուցվել, ինչպես նաև բժշկական սարքավորումներով ու կահույքով ապահովվել են 10 մարզային բժշկական կենտրոններ, իրականացվել են նախակրթարանների հետ կապված 337 փոքր ծրագրեր, որոնց շահառուների թիվը կազմում է ավելի քան 8.000 երեխա, օգնություն է ցուցաբերվել երկրի բոլոր հանրակրթական դպրոցներում ինտերնետային կապ ապահովելու հարցում և այլն։

Օրերս Ազգային ժողովը վավերացրել է 2014թ. ընթացքում հավանության արժանացած հինգ ծրագրերից երկուսը՝ Սոցիալական պաշտպանության վարչարարության 2-րդ ծրագիրը և Կրթական բարելավումների ծրագիրը: Ակնկալվում է, որ մյուս երեք նոր ծրագրերը՝ Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիրը, լրացուցիչ ֆինանսավորում ստացած Էներգամատակարարման հուսալիության ծրագիրը և Առևտրի խթանման ու որակի ենթակառուցվածքների ծրագիրը, կվավերացվեն 2015թ. սկզբներին և կհամալրեն իրականացման ակտիվ ընթացքի մեջ գտնվող ծրագրերի շարքը: Այս ծրագրերը, միասին վերցրած, ապահովում են շուրջ 170 մլն դոլար՝ Հայաստանի համայնքներում շոշափելի դրական տեղաշարժեր կատարելու համար:

«Համաշխարհային բանկը հետ չի կանգնի այն օգնությունից, որի արդյունքում կմշակվի քաղաքականություն, ու կիրականացվեն ներդրումներ, որոնք կնպաստեն տնտեսական աճին ու ինքնաբավությանը միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարում,- ասել է Լորա Բեյլին։

Մեկնաբանել