Գերիների հայրենադարձման առումով 2014թ. եղել է լարված աշխատանքային տարի, հայտարարել է պաշտապնության նախարար Սեյրան Օհանյանը դեկտեմբերի 18-ին ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի ամփոփիչ նիստին:
Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, Սեյրան Օհանյանն ասել է, որ Հայաստանը մշտապես ակտիվ ու նախաձեռնող է գերիներին հայրենադարձելու և անհայտ կորածների ընտանիքներին օգնություն ցուցաբերելու հարցում:
Հանդիպման ընթացքում հանձնաժողովի անդամները ներկայացրել են 2014թ. ընթացքում իրականացված միջոցառումներն ու ծրագրերը, հանդես եկել առաջարկություններով: Նախանշվել են նաև 2015թ. աշխատանքային հիմնական ուղղությունները: Նախարարը ամփոփել է կատարված աշխատանքները և հանձնաժողովի անդամներին մի շարք հանձնարարականներ տվել՝ հետագա աշխատանքներն առավել արդյունավետ և պատշաճ իրականացնելու համար:
Նիստի ավարտին Սեյրան Օհանյանը հանձնաժողովի մի շարք անդամների պարգևատրել է գերատեսչական մեդալներով, պատվոգրերով և նվերներով:
Մարտի 4-ին հայրենադարձվել էր հունվարի 28-ին Ադրբեջանի սահմանը հատած Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 77-ամյա Մամիկոն Խոջոյանը, որը մայիսի 20-ի երեկոյան մահացել է:
Ապրիլի 10-ին հայրենադարձվել էր Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Արսեն Խոջոյանը, որը գերի էր ընկել 2014թ. մարտի 7-ին` հայ-ադրբեջանական սահմանը հատելիս:
Սեպտեմբերի 25-ին հայրենադարձվել է Օգոստոսի 26-ին Ադրբեջանում գերի ընկած Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի բնակիչ Սարգիս Անանյանը:
Հոկտեմբերի 2-ին հայրենադարձվել էր ավելի քան մեկ տարի ադրբեջանական գերության մեջ անցկացրած Հակոբ Ինջիղուլյանը:
Դեկտեմբերի 12-ին հայրենադարձվել էր հինգ հոգանոց հայկական ընտանիքը, որը Ադրբեջանում էր չորս տարի: