Լուկաշենկոն Ռուսաստանի հետ առևտուրը նախընտրում է դոլարով և եվրոյով

LukashenkoԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի կառավարությունից պահանջել է Ռուսաստանի հետ հաշվարկներն իրականացնել դոլարով կամ եվրոյով, հաղորդում է Բելառուսի պետական հեռուստառադիոընկերությունը։

«Կառավարության առջև դրված է խնդիր՝ առևտուր անել ոչ թե ռուբլիով, այլ դոլարով, քանի որ մենք էներգառեսուրսների համար վճարում ենք ոչ ռուբլիով, այլ դոլարով։ Դա, ի դեպ, թերություն է կառավարության՝ Ռուսաստանի հետ աշխատանքում։ Պետք էր աշխատել և պահանջել նրանցից, որ իրենք նույնպես մեզ վճարեն կայուն արժույթով՝ դոլարով կամ եվրոյով»,- ասել է Լուկաշենկոն դեկտեմբերի 18-ին՝ տնտեսության վերաբերյալ հարցերով խորհրդակցությանը։

Նա հայտարարել է, որ Բելառուսը չի արժեզրկելու ազգային արժույթը Ռուսաստանի հետքերով։ «Մենք չենք պատրաստվում վազել Ռուսաստանի հետևից, դա կտրականապես արգելված է, քանի որ ռուսական շուկան՝ հասկանալի չէ, թե այնտեղ ինչ է կատարվում, ով ինչ է ուզում, և թե ինչ կլինի այնտեղ, ռուսական շուկայի փոփոխականությունը որևէ տրամաբանության չի ենթարկվում»,- ասել է Լուկաշենկոն։

Բելառուսի նախագահը կառավարությանն ավելի վաղ հանձնարարել էր գտնել վաճառքի նոր շուկաներ և Ռուսաստանին չհամարել բելառուսկան ապրանքների գլխավոր գնորդ։

Վերջին ժամանակներում Ռուսաստանի և Բելառուսի միջև առևտրային հարաբերություններն այնքան էլ հարթ չեն։ Նոյեմբերի վերջին Ռուսաստանը սահմանափակել էր մսամթերք և կաթնամթերք արտադրող բելառուսական մոտ 20 ընկերությունների մատակարարումները։ Ի պատասխան՝ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանին մեղադրել էր անպարկեշտ պահվածքի և Մաքսային միության նորմերը խախտելու մեջ։ Բելառուսի իշխանությունները նաև օրերս արգելել էին ռուսական մի շարք սննդամթերքների, մասնավորապես՝ արագ պատրաստման մակարոնների ներմուծումը։

Դեկտեմբերի 18-ին Ռուսաստանը բելառուսական 12 ձեռնարկությունների համար վերացրել է ներմուծման արգելքը։