Թանկացումների դեմ ակցիան կշարունակվի դեկտեմբերի 24-ին՝ հանրային քննարկմամբ

MHM92349 copy Ակցիայի նախաձեռնողները նշում են, որ իրենց պահանջերի չկատարման դեպքում դիմելու են ավելի ագրեսիվ գործողությունների։

Դեկտեմբերի 19-ին կառավարության շենքի դիմաց տեղի ունեցավ բողոքի ակցիա՝ ընդդեմ դրամի արժեզրկման և թանկացումների։

Ինչպես հաղորդում է ՍիվիլՆեթի թղթակիցը, ակցիայի նախաձեռնողները պնդում էին, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ երեկ սուպերմարկետներում իրականացրած շրջայցից հետո արձանագրված որոշակի գնանկումը շոու է, և գնաճը՝ հատկապես մարզերում, պահպանվել է։

Ակցիայի նախաձեռնության անդամներից մեկը, ելույթ ունենալով, ասաց, որ սա նախազգուշական ակցիա է և կրելու է շարունական բնույթ։ Նա նշեց, որ իրենց պահանջերի չկատարման դեպքում դիմելու են ավելի ագրեսիվ գործողությունների։ Ակցիայի նախաձեռնողներն առաջ են քաշում հետևյալ պահանջները՝ ձեռնարկել հրատապ միջոցառումներ՝ առաջին անհրաժեշտության ապրանքների ու ծառայությունների գները մինչճգնաժամային մակարդակի բերելու համար, իջեցնել գազալցակայաններում գազի գինը, վերահաշվարկել քաղաքացիների դոլարային վարկերը, իրականացնել շուկայի ազատականացում՝ վերացնելով բոլոր տեսակի մենաշնորհները, արգելել Հայաստանից դեպի Ռուսաստան դոլարի և Ռուսաստանից դեպի Հայաստան ռուբլու սպեկուլյատիվ ելքերն ու մուտքերը, դադարեցնել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու գործընթացը։

Նախաձեռնության անդամ Վահագն Ավագյանն ասաց՝ իրենք հասկանում են, որ կառավարությունը մեկ օրում չի կատարելու իրենց պահանջները, ուստի դեկտեմբերի 24-ին՝ ժամը 18։00-ին, Ազատության հրապարակում հրավիրում են հանրային քննարկում առկա խնդիրների լուծման համար։

Ակցիային ներկա էր նաև «Ազգային ինքնորոշում կուսակցության» առաջնորդ Պարույր Հայրիկյանը, որը նշեց, որ նմանատիպ քաղաքացիական շարժումների գոյությունը շատ ողջունելի է, սակայն իրական արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է համախմբվել քաղաքական լուրջ ուժի շուրջ։ Հայրիկյանը կարծում է, որ այդպիսի համախմբումն առաջիկայում հնարավոր է։

Դրամի արժեզրկման և թանկացումների դեմ բողոքի ակցիայի տեսագրությունը՝ այստեղ։