Քաղաքականություն, տնտեսություն, ուտելիք և այլն. դեսպան Հեֆերնի ամփոփիչ ասուլիսը

john heffernՀայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի համար հայերենում ամենադժվարը «խաղաղություն» բառն է. դեկտեմբերի 19-ին հրավիրած ամփոփիչ ասուլիսին Հայաստանում առաքելությունն ավարտող դեսպան Հեֆերնը կատակեց, որ թերևս բառի դժվարությամբ է պայմանավորված նաև տարածաշրջանում խաղաղության հաստատումը։

«Շատ դժվար է այդ բառը արտաբերելը, չգիտեմ՝ միգուցե այդ բառի դժվար արտաբերելն է, որ անդրադառնում է ղարաբաղյան բանակցությունների վրա: Արևմտյան կիսագնդում դա դժվար բառ է, ամենաշատը ես այդ բառն էի դժվարանում արտասանել»,- ասաց նա։

Հայաստանին ռազմավարական տարածք է պետք

Խոսելով Հայաստանում ԱՄՆ առաջնահերթությունների մասին, դեսպանն ասաց, որ իրենք օգնում են, որ Հայաստանը այսպես կոչված ռազմավարական տարածք` հնարավորություններ, տարբերակներ ունենա: «Ցանկացած երկիր պետք է հնարավորություններ ունենա, և Միացյալ Նահանգները, ինչպես նաև Եվրամիությունը ցանկանում են Հայաստանի հետ խորացնել համագործակցությունը այն բոլոր ոլորտներում, որտեղ Հայաստանը կդրսևորվի քաղաքական կամք և իր մասով կանի գործակցության անհրաժեշտ քայլերը»,- նշեց նա՝ հավելելով, որ ԱՄՆ-ը պատրաստ է աշխատել այդ ոլորտներում՝ լինի դա տնտեսական, քաղաքական, անվտանգության:

«Մենք չենք կարծում, որ այս գործակցությունների առումով շահողներ և պարտվողներ կան»,- շարունակեց նա՝ ասելով, որ Հայաստանը կարող է շահել օրինակ անվտանգության ասպարեզում համագործակցությունից:

Հայաստանը, լինելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ, լավ գործընկերություն ունի ՆԱՏՕ-ի հետ և իր ներդրումն է ունենում ՆԱՏՕ-ի գործողություններում, ՆԱՏՕ-ի հետ գործակցելով շատ բան է իրականացրել պաշտպանական բարեփոխումների ոլորտում։ Դեսպանի խոսքով՝ Հայաստանը կարողանում է շահել երկու ուղղություններով իր գործընկերությունից, և դա հնարավոր է նաև տնտեսական դաշտում:

Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցումից հետո, դեսպանի կարծիքով, Արևմուտքը կշարունակի գործակցել Հայաստանի հետ ներդրումների և առևտրի հարցերի շուրջ՝ փոխշահավետ պայմաններով: «Այս հարաբերություններում չկան շահողներ և պարտվողներ»,- կրկնեց Հեֆերնը։

Հայաստանն ինքը պետք է հրապուրի բիզնեսին 

Հարցին, թե ինչ խորհուրդ կտար ամերիկացի գործարարին՝ ներդնե՞լ Հայաստանում, թե՞ ոչ, դեսպանը պատասխանեց. «Երբ ես հանդիպումներ եմ ունենում, ինձ միշտ ասում են, որ ամերիկյան ներդրումներ բերեք, ինչո՞ւ ուղղակի ներդրումներ չեք ապահովում: Սա շուկայի աշխատանքի վերաբերյալ սխալ պատկերացում է: Հնարավոր չէ ամերիկյան բիզնեսը բերել, Հայաստանն ինքը պետք է հրապուրի ամերիկյան բիզնեսին: Շատ տեղեր կան, որտեղ բիզնեսը կարող է գնալ: Դրանք այն տեղերն են, որոնք կանխատեսելի են, թափանցիկ են, որտեղ գիտեն կանոնները, որտեղ գիտեն՝ ինչ կլինի, եթե հանկարծ ինչ-որ առիթ լինի դատարան դիմեու, ինչ կլինի հարկային, մաքսային  դաշտում»:

Դեսպան Հեֆերնն ասաց, որ բիզնեսը ցանկանում է կանխատեսելիություն, և ուզում է պատկերացում ունենալ՝ ինչպիսին կլինեն իր հաջողությունները՝ նախքան գործ սկսելը: «Եթե այս կանխատեսելիությունը չկա, բիզնեսը շատ զգուշավոր է: Իմ խորհուրդն այն է, որ ես կոչ եմ անում ներդրումներ անել, այնպիսի ներդրումներ, որ աշխատատեղեր կստեղծեն և կլինեն փոխադարձ շահավետ»,- ասաց Ջոն Հեֆերնը:

Վիզաների մասին

Հայաստանի կառավարության դեկտեմբերի 11-ին կայացրած որոշման համաձայն՝ ԱՄՆ քաղաքացիները 2015թ. հունվարի 1-ից կազատվեն Հայաստանի մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից: Դեսպան Հեֆերնն ասաց, որ սա ուրախալի լուր է.

«Մի քանի շաբաթ առաջ Վաշինգտոնը համաձայնեց, անցած շաբաթ Հայաստանը տվեց իր համաձայնությունը, և եղավ հայտարարությունը: Երկու երկրները համաձայնեցին առաջարկել հնարավոր ամենաերկար վավերականության ժամկետը վիզաների համար այն քաղաքացիներին, որոնք իրավասու են ստանալ վիզա»: Դեսպանի խոսքով՝ նպատակն  այն է, որ ավելանան զբոսաշրջիկների, գործարարների, գիտաշխատողների, ուսանողների այցելությունները:

«Այս համաձայնությամբ մենք ապահովում ենք Հայաստանի քաղաքացիների համար վիզայի վավերականության առավելագույն ժամկետ: Կարծում ենք՝ մեր երկկողմ հարաբերություններում դա օգտակար է, և կնպաստի Հայաստանի քաղաքացիների համար տասը տարվա ընթացքում բազմակի մուտքերին: Տասը տարվա վիզան տրվում է մեկ վիզայի գնով, և ամեն տարի անհրաժեշտություն չի առաջանա, որպեսզի մարդիկ դիմեն դեսպանատուն նոր վիզա ստանալու համար»,- ասաց Հեֆերնը՝ համոզմունք հայտնելով, որ դա կօգնի երկու ժողովուրդների միջև կապերի ամրապնդմանը և ավելի շատ ամերիկացիների կխրախուսի այցելելու Հայաստան:

ԱՄՆ քաղաքացիների համար մուտքի վիզայի պահանջի վերացումը պայմանավորված է Հայ-ամերիկյան միջկառավարական նիստի արդյունքում ստորագրված գործողությունների ծրագրով:

Ծրագրի 28-րդ կետով նախատեսվում է նաև, որ մինչև 10 տարի վավերականության բազմակի մուտքի վիզա կհաստատվի Հայաստանի քաղաքացիների լայն շերտի համար:

10 տարվա վիզաները նախատեսված են որոշ կատեգորիաների գործարարների, զբոսաշրջիկների համար, մինչև 5 տարի ժամկետով՝ որոշ կատեգորիաների աշխատանքային վիզաներ են, նաև նախատեսված ուսանողների, գիտնականների համար:

Նախընտրած հայկական ուտելիքի մասին

Լրագրողների հարցին ի պատասխան, թե հայկական ուտելիքներից ո՞րն է ամենաշատը հավանել, դեսպանը նշեց մեղրն ու չրեղենը։ «Ես կին ունեմ, չորս աղջիկ, մեկ տղա, և նրանք սիրում են չրեղեն, մեղր, և մինչ այստեղ գալս նրանց ասում էի՝ ձեր կերածը թռչնի կեր է, ես ինքս նման բաներ չէի ուտում, բայց այստեղ եղած երեք տարիներին դարձել եմ մեղրի մեծ սպառող, սիրահար: Այստեղ գտնվելու ընթացքում երևի 100 կգ մեղր եմ գնել՝ Բերդի մեղրի փառատոնի ժամանակ, երևանյան շուկաներից: Մեղրը, ընդեղենը, չրեղենը շատ համեղ են, խորովածն է ինձ շատ դուր եկել: Գրեթե ամեն ինչ, ինչ ես այստեղ ճաշակել եմ, ինձ դուր է գալիս, բայց ամենամեծ փոփոխությունն իմ սննդակարգում այդ թռչնի կերի կիրառումն էր»,- ասաց Հեֆերնը:

Հայաստանում նախընտրած վայրի մասին

Հայաստանում նախընտրած վայրերի մասին հարցին դեսպան Հեֆերնը պատասխանեց, որ սիրում է անտառները, ջրային տարածքները և սիրում է թռչուններին նայել: «Ինձ դուր է գալիս Տավուշի մարզը՝ հյուսիս-արևելքը, եղել եմ Սևանում, Արփա լճում: Հյուսիս-արևելքում հոյակապ թռչնատեսակներ կան: Իհարկե Սյունիքը շատ գեղեցիկ է՝ հատկապես գարնանը, ծաղկած ծառերով: Երևանն է ինձ շատ դուրս գալիս, Գյումրին: Գյումրիում շատ ժամանակ եմ անցկացրել, որտեղ մարդիկ առանձնահատուկ են»,- նշեց դեսպանը:

Հայաստանում ունեցած հաջողության մասին

Ի պատասխան Հայաստանում իր ունեցած հաջողության մասին հարցի՝ դեսպան Հեֆերնն ասաց, որ ամենախոշոր հաջողություններից է տեղեկատվական տեխոնոլագիաների ոլորտի  շարունակական աճը, և այն, որ ամերիկյան ընկերությունները դրանում առաջատար դեր ունեն: «Ւնձ համար՝ որպես դեսպանի,  հաճելի է տեսնել, թե ինչպես են ամերիկյան ընկերությունները ներդրումներ անում այստեղ և աշխատում ստեղծարար, նորարար մարդկանց խմբերի հետ»,- ասաց դեսպան Հեֆերնը: