Բելառուսի խորհրդարանը վավերացրեց Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը

Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի նախագահները ԵՏՄ պայմանագրի ստորագրման օրը, մայիսի 29, 2014թ․, Աստանա Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի նախագահները ԵՏՄ պայմանագրի ստորագրման օրը, մայիսի 29, 2014թ․, Աստանա

Բելառուսի խորհրդարանի ստորին պալատը՝ Ներկայացուցիչների պալատը, դեկտեմբերի 19-ին վավերացրել է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագիրը, հաղորդում է բելառուսական «Բելտա» գործակալությունը։

Նախքան փաստաթղթի վավերացումը Բելառուսի փոխարտգործնախարար Ալեքսանդր Միխնևիչը, ներկայացնելով վավերացման վերաբերյալ օրինագիծը, ասել է, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անդամակցումից հետո չի մտնի Եվրասիական տնտեսական միության մեջ։

«Մենք մտահոգություն ունեինք, որ տարածքները, որոնք Հայաստանի կազմի մեջ չեն մտնում, կարող էին հայտնվել Մաքսային միության կազմում։ Հայկական կողմը ըմբռնմամբ ընդունեց այս պահանջը, այս ցանկությունը։ Պայմանագրին կցվել է նոտա առ այն, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության մաս չէ։ Արվել է հայկական կողմի պաշտոնական բանավոր հայտարարություն»,- ասել է նա։

«Բելտա»-ի փոխանցմամբ՝ Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանը լրագրողներին ասել է, որ «այսօր պատմական օր է»։ «Մենք ևս մեկ անգամ հաստատում ենք մեր ցանկությունը, զարգացման մեր ուղղությունը։ Վավերացումից հետո մենք դառնում ենք Եվրասիական տնտեսական միության անդամ, իսկ դա մեծ հնարավորություններ է նշանակում»,- ասել է նա։

Նա պարզաբանել է, որ Հայաստանը ապագա միության գործընկերներին կարող է մատուցել ծառայություններ բարձր տեխնոլոգիաների ոլորտում, ինչպես նաև մատակարարել բանջարեղեն և միրգ։ «Մենք ունենք լավագույն կոնյակը, մենք ունենք լավագույն հանքային ջրերը։ Թեև ես չեմ մոռանում «Բորժոմիի» մասին։ Մենք շատ բան ունենք»,- հավելել է նա։ Ինչ վերաբերում է մատակարարման ուղիներին, ապա ապրանքները Վրաստանով են գնալու։

Ակնարկ

ԵՏՄ ստեղծման մասին պայմանագիրը, որն ուժի մեջ է մտնելու 2015թ․ հունվարի 1-ին, մայիսի 29-ին Աստանայում ստորագրել են Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն և Նուրսուլթան Նազարբաևը։

Հոկտեմբերի 10-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ստորագրվեց Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագիրը։ Հայաստանի Ազգային ժողովը այն վավերացրեց դեկտեմբերի 4-ին՝ ձայների 103 կողմ, 7 դեմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ։ Դեկտեմբերի 10-ին փաստաթուղթը վավերացրեց Ռուսաստանի Պետդուման, իսկ դեկտեմբերի 17-ին՝ Դաշնության խորհուրդը։

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը դեկտեմբերի 18-ին վավերացրել էր Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատը՝ Մեջլիսը, իսկ դեկտեմբերի 19-ին՝ ավելի վաղ, վերին պալատը՝ Սենատը։

Մեկնաբանել