Օբաման արգելել է Ղրիմի հետ ցանկացած տնտեսական կապ

Barack_obamaԱՄՆ նախագահ Բարաք Օբաման գործողության մեջ է դրել Ղրիմում աշխատող կազմակերպությունների և որոշ անձանց նկատմամբ նոր սահմանափակող միջոցները:

«Ուկրաինայի Ղրիմ շրջանի հետ կապ ունեցող որոշակի գործությունների արգելքի և որոշակի անձանց սեփականության արգելափակման մասին» հրամանագիրը արգելում է նոր ներդրումներ անել Ուկրաինայի Ղրիմ շրջանում, Ղրիմից ԱՄՆ ներկրել ապրանքներ, ծառայություններ, տեխնոլոգիաներ, ինչպես նաև ԱՄՆ-ից Ղրիմ արտահանել, վերաարտահանել, վաճառել ու մատակարարել ապրանքներ, ծառայություններ, տեխնոլոգիաներ:

Բացի այդ՝ ԱՄՆ նախագահը արգելել է ամերիկացիներին որևէ բիզնես ունենալ ընկերությունների հետ, որոնք ղեկավարվում են Ղրիմի բնակիչների կողմից:

«Եվս մեկ անգամ կոչ եմ անում Ռուսաստանին դադարեցնել Ղրիմի շրջափակումը և բռնակցման փորձը, դադարեցնել Ուկրաինայի արևելքում անջատականներին աջակցելը, կատարել Մինսկի համաձայնագրի շրջանակում բոլոր պարտավորությունները»,-Օբամայի խոսքը մեջբերում է New York times-ը:

Դեկտեմբերի 18-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հեռախոսազրույցում հայտարարել էր, որ Բարաք Օբամայի կողմից «Ուկրաինայի ազատությանը աջակցելու մասին» օրենքի ստորագրումը, որը Ռուսաստանին նոր պատժամիջոցներով է սպառնում, կարող է երկար ժամանակով խափանել Մոսկվայի և Վաշինգտոնի միջև նորմալ փոխգործակցությունը:

Հրամանագրի ստորագրումից անմիջապես հետո ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակել է «սև ցուցակը»՝ բաղկացած 24 անձից և ընկերություններից, որոնց վրա տարածվում են պատժամիջոցները: Ցուցակում ներառվել են հինականում Ուկրաինայի արևելքում անջատականների առաջնորդները:

Ավելի վաղ՝ դեկտեմբերի 18-ին, Եվրամիությունը նոր պատժամիջոցներ էր սահմանել՝ Ղրիմում և Սևաստոպոլում ցանկացած ներդրում, այդ թվում՝ տուրիզմի ոլորտում, հայտարարելով անօրինական:

Մեկնաբանել