Սաակաշվիլին կբարեխոսի Պուտինի ԱՄՆ-ի վիզայի համար

SaakashviliՎրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ  պատրաստ է աշխատանք գտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համար, հաղորդում է «Գրուզիա օնլայն»-ը:

Պուտինը դեկտեմբերի 18-ի իր ամենամյա մամուլի ասուլիսին Սաակաշվիլիի մասին ասել էր, որ Ռուսաստանի մեղքով չէ, որ նա այժմ փախուստի մեջ է, և ըստ իր տեղեկությունների՝ նրան ԱՄՆ-ում նույնիսկ աշխատանքային վիզա չեն տալիս:

Արձագանքելով Պուտինի այս խոսքերին՝ Սաակաշվիլին պատասխան հայտարարություն է տարածել, որում ասված է. «Ռուսաստանն անդունդն է գլորվում, և նրա նախագահը նախկինի պես ժամանակ է գտնում՝ իմ մասին խոսելու մասին: մեր ամենամեծ դժբախտությունը նրանում է, որ Վրաստանի ներկայիս իշխանությունները և Պուտինը միակն են աշխարհում, որ նույն տերմիններով են խոսում, նույն ճաշակն ունեն և ցանկանում են նույն բանը: …Ինչ վերաբերում է իմ զբաղվածությանը, Վլադիմիր Վլադիմիրովիչը կարող է չնեղվել, քանի որ վերջին ամիսներին ես հրավերքներ եմ ստացել բազմաթիվ առաջատար համալսարաններից և առաջարկել են Ուկրաինայի կառավարության գլխավոր ղեկավարներից մեկի պաշտոնը, բայց այս էտապում հրաժարվել եմ զբաղեցնել այդ պաշտոնը: Վաշինգտոնում իմ ղեկավարությամբ ինստիտուտ է ստեղծվել, և ԱՄՆ պետական վարչակազմը ինձ արդեն աշխատանքային վիզա է առաջարկել: Թող Պուտինը միայն հրաժարվի այն ամենից, ինչ անում է, և ես նրա համար կբարեխոսեմ, ու նրան նույնպես նման վիզա կտան: Ես պատրաստ եմ նրան աշխատանքի ընդունել մեր ինստիտուտում, թող հուշագրեր գրի»:

Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանում մեղադրվում է նախագահության շրջանում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, որի համար նախատեսված է մինչև ութ տարվա ազատազրկում։ Ներկայում Վարդերի հեղափոխության առաջնորդ Սաակաշվիլին ապրում է Միացյալ Նահանգներում և դասախոսում է ԱՄՆ-ի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում։