Երևանաբնակ շուրջ 600 զինծառայողներ 2014թ. 5-օրյա արձակուրդով են խրախուսվել

42e35b3bdb42f5181cf965fa26a1003a68f12db32014 թ. Երևանի քաղաքապետարանի և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններից զորակոչված շուրջ 600 զինծառայողներ հնարավորություն են ստացել այցելել Երևան և խրախուսվել 5-օրյա արձակուրդով: Ինչպես հաղորդում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից՝ մայրաքաղաքից զորակոչված ևս 100 ժամկետային զինծառայողներ դեկտեմբերի 22-ին հնարավորություն են ստացել Երևանում հանդիպելու իրենց ծնողներին և հարազատներին: Այս անգամ ծրագրում ընդգրկվել են Կենտրոն, Նորք-Մարաշ, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններից զորակոչված զինծառայողները, որով էլ, ըստ էության, ավարտվում է 2014-ի ծրագիրը:

Զինծառայողների և նրանց ծնողների հանդիպման առիթով կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը: Սեյրան Օհանյանը նկատել է, որ սա կարևոր քայլ է բանակ-հասարակություն կապն ամրապնդելու ուղղությամբ:

«Այս գաղափարը նվիրված է հայ ընտանիքին, և իզուր չէ, որ պաշտպանության բանակի, ինչպես նաև Հայաստանի զինված ուժերի վերջին տարիների հիմնական նշանաբաններից մեկը՝ «Բանակը մեր տունն է, մեր ամրոցը» կարգախոսն է, և այդ շրջանակներում մենք միշտ ասում ենք, որ ստորաբաժանումը մեր ընտանիքն է, որտեղ ներդաշնակվում և համատեղ գործունեության են տրամադրվում մեր զինվորները, զորամասն էլ՝ մեր տունը»,- ասել է պաշտպանության նախարարը: