Եզդիական Սինջարն ազատագրված է ISIS-ից

ISIS-ի դեմ կռված մարտիկները՝ Սինջար լեռան վրա ISIS-ի դեմ կռված մարտիկները՝ Սինջար լեռան վրա

Դեկտեմբերի 19-ին Իրաքում՝ Սինջարում (Շենգալ), քրդական զինուժի մղած ազատագրական գործողությունները հաջողությամբ մոտենում են ավարտին:

«Իրաքի և Շամի իսլամական պետության» (ISIS) ահաբեկիչները, որոնք 2014թ. օգոստոսից իրենց վերահսկողության տակ էին պահում Իրաքի հյուսիսում գտնվող եզդիաբնակ այս շրջանը, պարտություն են կրել և փախել Իրաքի այլ բնակավայրեր: Ռազմական գործողություններն իրականացնում է Իրաքի քրդական զինուժը` Փեշմերգան, Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) ռազմական թևը, Ժողովրդական պաշտպանական ուժերը, ինչպես նաև եզդիական ջոկատները:

Քրդական Firat գործակալության հաղորդմամբ` ռազմական գործողություններն իրականացնող ջոկատները ահաբեկիչներից նախ մաքրել են Սինջար լեռան հյուսիսային փեշերը, այնուհետև քրդական զորամիավորումները առաջացել են դեպի Սինջարի շրջանի կենտրոնական հատված: Սինջար մտնելու համար քրդական զինուժը ծանր մարտեր է մղել «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ, սակայն զինուժին հաջողվել է ճեղքել դիմադրությունը և մուտք գործել քաղաք՝ ստիպելով ահաբեկիչներին լքել շրջանը:

Քրդական Rudaw.net-ը դեկտեմբերի 21-ին հաղորդագրություն է տարածել, որում ասված է. «Քրդական ուժերն այսօր ազատագրել են Սինջարի շրջանը»: Կայքի հաղորդմամբ՝ իրաքյան Քրդստանի տարածաշրջանային կառավարության ղեկավար Մասուդ Բարզանին Սինջարի լեռներում հայտարարությամբ է հանդես եկել. «Քրդստանի հողից և ոչ մի թիզ ահաբեկիչներին չենք զիջելու»: Բարզանին հատուկ շեշտել է կոալիցիոն ուժերի օդային հարվածների կարևորությունը ISIS-ի դեմ հաթանակ տանելու գործում: Իրաքյան քրդերի առաջնորդը նաև տեղեկացրել է, որ ISIS-ի տեղադրած ականները վնասազերծելուց հետո եզդի ժողովուրդը կարող է վերադառնալ հայրենի բնակավայրեր. իսլամիստ ահաբեկիչները փախել են Մոսուլ և Իրաքի այլ բնակավայրեր:

Քրդական Օzgur-gundem կայքը նույնպես հաղորդագրություն է տարածել` Սինջարի ազատագրման պատմական օպերացիայի ավարտի մասին:

Սինջարի ազատագրումը ուրախությամբ է ընդունվել եզդիների շրջանում: Ահաբեկիչների կողմից Սինջարի գրավումից հետո տեղի եզդի բնակչությունը կանգնեց ֆիզիկական բնաջնջման վտանգի առջև՝ ենթարկվելով կոտորածների, բռնի մահմեդականացման: Եզդի բնակչությունը ստիպված էր լքել սեփական բնակավայրը` անօթևան մնալով և դեգերելով լեռներում: Եզդիները բողոքում էին նաև Իրաքի քրդական ուժերից` պնդելով, թե վերջիններս անհրաժեշտ գործողություններ չեն իրականացրել իրենց ահաբեկիչնեից պաշտպանելու համար:

Սինջարի ազատագրման առթիվ հանդես է եկել PKK-ի ղեկավարներից Մուրատ Քարայլանը` պնդելով, որ «Սինջար լեռան տարածաշրջանը պետք է կրկին բնակեցվի քուրդ եզդիներով»: Քարայլանի խոսքով՝ Սինջարն ամբողջովին պետք է ազատագրվի և պատկանի քրդերին:

Եզդիների հարցը միջազգային ասպարեզում բարձրացրել է նաև Հայաստանի Հանրապետությունը: ՀՀ-ն նաև ֆինանսական օժանդակություն է ցուցաբերել անապաստան մնացած եզդի բնակչությանը:

Մեկնաբանել