Վրաստանի կոմունիստները հետ են պահանջում Ստալինի արձանը

178314596Դեկտեմբերի 21-ին Գորիում՝ Խորհրդային Միության բռնապետ Իոսիֆ Ստալինի ծննդավայրում նրա ծննդյան 135-ամյակի կապակցությամբ Վրաստանի միացյալ կոմունիստական կուսակցության անդամները ակցիա են անցկացրել՝ կառավարությանը կոչ անելով կատարել քաղաքային խորհրդի՝ թանգարանի տարածքում Ստալինի արձանի տեղադրման որոշումը: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը, Գորի քաղաքի հրապարակից արձանն ապամոնտաժելուց հետո այն քաղաքից մի քանի հարյուր կիլոմետր հեռու է տեղափոխվել:

Ակցիայի մասնակիցները նշել են, որ իրենց կուսակցությունը պահանջում է ոչ միայն արձանի, այլև Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնում: Միջոցառումն ավարտվել է երթով: Երթի մասնակիցները ձեռքներին պաստառներ են ունեցել՝ «Ռուսաստանի ժողովուրդների հետ միասին» գրությամբ:

Ստալինի արձանը Գորիի հրապարակից ապամոնտաժվել է 2010թ.: 2013թ. սեպտեմբերին Վրաստանի կառավարությունը հայտարարեց, թե թույլ չի տա  դրա վերականգնումը:

Ստալինի երեք արձաններ արդեն վերականգնվել են Կախեթիի շրջանում, ինչը բնակչության մի մասի շրջանում ըմբոստության պատճառ է դարձել: Արձաններից մեկն անգամ կարմիր էր ներկվել բնակիչների կողմից: