Հայաստանի Քննչական կոմիտեում դեկտեմբերի 22-ին քրեական գործ է հարուցվել հերթափոխի դիտակետում ժամկետային զինծառայող Դավիթ Քոլոյանի մահվան դեպքի առթիվ։ Ինչպես հաղորդում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով, այն է՝ սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը։
«Քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի կարգով, հանցագործության հետքեր, այլ նյութական օբյեկտներ հայտնաբերելու, ինչպես նաև դեպքի համար նշանակություն ունեցող մյուս հանգամանքները պարզելու նպատակով կատարվել են դեպքի վայրի, Դավիթ Քոլոյանի դիակի արտաքին, դեպքի պահին նրա հագին եղած զրահաբաճկոնի զննումներ։ Դրանց արդյունքները, ինչպես նաև դիրքի զինծառայողների բացատրությունները բավարար հիմքեր են տվել ենթադրելու, որ նռնակը պայթել է Դավիթ Քոլոյանի գործողությունների արդյունքում»,- ասված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում։
Քննություն է կատարվում՝ հնարավոր բոլոր վարկածներով։
«Կատարվում է նախաքննություն, միջոցներ են ձեռնարկվում՝ ապահովելու գործի օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ հետազոտման համար։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,- ասված է հաղորդագրությունում։