Ծառուկյանը խորհրդաժողով է հրավիրում հունվարի 20-ին

Gagik-Tsarukyan«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը 2015թ․ հունվարի 20-ին հրավիրելու է ոչ իշխանական քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների և շարժումների խորհրդաժողով։

Ինչպես ասված է ԲՀԿ նախագահի խոսնակ Իվետա Տոնոյանի տարածած հաղորդագրությունում, քննարկվելու է երկրում ստեղծված քաղաքական, տնտեսական բարդ վիճակը։

«Սա խորհրդակցական բնույթի միջոցառում է, որի նպատակն է վերլուծել, ամփոփել արդեն իսկ կատարված ծավալուն աշխատանքը, քննարկել հետագա անելիքներն ու քայլերը։ Մեզ համար կարևոր են քաղաքական և հասարակական շրջանակների ներկայացուցիչների տեսակետներն ու մոտեցումները։ Մենք կարևորում ենք, որ յուրաքանչյուրի փաստարկված առաջարկն ու տեսակետը տեղ գտնեն ընդհանուր որոշումների կայացման գործում։ Ուզում եմ ընդգծել նաև, որ սա ոչ թե ԲՀԿ միջոցառումն է, այլ Գագիկ Ծառուկյանի անձնական նախաձեռնությունը։ Գիտակցելով, որ երկրի համար կենսական կարևորություն ունեցող հարցերի քննարկումն ու որոշումների ընդունումը չպետք է սահմանափակվեն նեղ կուսակցական ձևաչափով, մենք, իրոք, կարևորում ենք մեր քաղաքական գործընկերների ու երկրի խնդիրներով մտահոգ քաղաքական ուժերի ու հասարակական ակտիվ շրջանակների տեսակետներն ու շահագրգիռ մասնակցությունը»,- ասված է հայտարարությունում։