Հայաստանը ԵՄ-ի հետ համագործակցության նոր փաթեթ է պատրաստել

EU-european-union-2Հայաստանը Եվրամիության հետ համագործակցության նոր փաթեթ է պատրաստել։ Այս մասին ասել է էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը «Արմենպրեսին» տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելը էական խոչընդոտ չէ Եվրամիության հետ համագործացության համար, և նոր փաթեթը հնարավոր է եղել պատրաստել բազմաթիվ քննարկումների ու նիստերի միջոցով տեղեկատվության փոխանակման արդյունքում։

«Չնայած այն հանգամանքին, որ ԵՄ ասոցացման համաձայնագիրը Հայաստանը չստորագրեց, սակայն իշխանությունները բազմիցս հայտնել են, որ հակված են շարունակելու համագործակցությունը Եվրամիության հետ։ ԵՏՄ անդամակցելը էական խոչընդոտ չէ ԵՄ-ի հետ համագործացության համար։ Բազմաթիվ քննարկումների և նիստերի միջոցով տեղեկատվության փոխանակման արդյունքում հնարավոր է եղել պատրաստել նոր փաթեթը»,- ասել է էկոնոմիկայի փոխնախարարը։

Էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանի հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրի կայքում։

Ակնարկ

Եվրամիության հետ ասոցացման հարցով շուրջ երեք տարի վարած բանակցություններից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2013թ․ սեպտեմբերի 3-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո, անսպասելի հայտարարեց, որ Հայաստանը որոշել է մտնել Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի Մաքսային միությունը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միությանը։

Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն և Նուրսուլթան Նազարբաևը Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը ստորագրեցին 2014թ․ մայիսի 29-ին Աստանայում։ Այն ուժի մեջ է մտնելու 2015թ․ հունվարի 1-ին։

Հոկտեմբերի 10-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ստորագրվեց Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագիրը։ Հայաստանի Ազգային ժողովը այն վավերացրեց դեկտեմբերի 4-ին՝ ձայների 103 կողմ, 7 դեմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ։ Դեկտեմբերի 10-ին փաստաթուղթը վավերացրեց Ռուսաստանի Պետդուման, իսկ դեկտեմբերի 17-ին՝ Դաշնության խորհուրդը։

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը դեկտեմբերի 18-ին վավերացրեց Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատը՝ Մեջլիսը, իսկ դեկտեմբերի 19-ին վերին պալատը՝ Սենատը։ Դեկտեմբերի 19-ին փաստաթուղթը վավերացրեց նաև Բելառուսի խորհրդարանի ստորին պալատը՝ Ներկայացուցիչների պալատը։

Մեկնաբանել