Ցմահ դատապարտյալի բողոքը՝ ընդդեմ դատախազության մերժվեց

Soghomon-KocharyanԻրանի քաղաքացի ադրբեջանցու սպանության համար 19 տարի առաջ մահապատժի, իսկ 2003-ին ցմահ ազատազրկման դատապարտված ազատամարտիկ, նախկին հետախույզ Սողոմոն Քոչարյանի բողոքն ընդդեմ Գլխավոր դատախազության դեկտեմբերի 23-ին մերժվել է։ Այս մասին ՍիվիլՆեթին հայտնեց դատապարտյալ ազատամարտիկի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Ռոբերտ Ռևազյանը։Վերջինս բողոքարկում էր Գլխավոր դատախազության որոշումը, որով մերժվել էր նոր երևան եկած հանգամանքի հիման վրա Քոչարյանի գործը վերանայելու դիմումը։

Մեկնաբանելով դատարանի մերժման որոշումը՝ փաստաբան Ռևազյանը ՍիվիլՆեթին ասաց, որ ոչ միայն Սողոմոն Քոչարյանի, այլև ընդհանրապես ցմահ դատապարտյալների գործերով մեր արդարադատական համակարգը մտածում է ոչ թե սեփական սխալներն ուղղելու, այլ բողոքները մերժելու մասին։

Ռևազյանը պատրաստվում է դատարանի որոշումը բողոքարկել Վերաքննիչ դատարանում։

Ակնարկ

Նախկին հետախույզ Սողոմոն Քոչարյանի գործում նոր հանգամանքներ էին ի հայտ եկել, երբ լրագրող Զարուհի Մեջլումյանը սկսել էր զբաղվել ցմահ դատապարտյալների գործերով: Բացահայտվել էր, որ 1995թ․ Սողոմոն Քոչարյանի գործով դատախազ Ժիրայր Խառատյանը իր ինքնակենսագրականում, խոստովանել է` իր վրա ճնշումներ են գործադրվել Քոչարյանի գործով խիստ պատիժ պահանջելու համար։ 1995թ․ դատավճիռը նոր երևան եկած հանգամանքների հիման վրա  բեկանելու և  այդ գործով նոր քննություն սկսելու հաղորդումը մայիսին ներկայացրել էր «Հետաքննող լրագրողներ» կազմակերպությունը։ Գլխավոր դատախազությունը գործի վերանայման վարույթ հարուցելը մերժել էր` հիմնավորելով, որ դատախազ Խառատյանի հայտարարությունը՝ իրանական կողմի քաղաքական ճնշումների մասին, չի դիտարկվել որպես նոր երևան եկած հանգամանք: Փաստաբան Ռևազյանը Գլխավոր դատախազության մերժման որոշումը բողոքարկել էր դատարանում: Սակայն դատավորն իր որոշման մեջ առհասարակ չէր անդրադարձել Սողոմոն Քոչարյանի գործով նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայման վարույթ սկսել-չսկսելու հիմքերին՝ պատճառաբանելով՝ քանի դեռ սպառված չեն բողոքարկման բոլոր հնարավորությունները, դատարանը չի կարող անդրադառնալ բողոքի բովանդակային կողմին։ Ռոբերտ Ռևազյանը բողոքարկել էր մերժման որոշումը նաև վերադաս դատախազին: Կրկին մերժում ստացել: Ապա նորից դիմել էր դատարան։

Արդեն 20-րդ տարին անազատության մեջ գտնվող հետախույզ, ազատամարտիկ Սողոմոն Քոչարյանը պատիժը կրելու ընթացքում կորցրել է ընտանիքի մեծ մասին․ կինը մահացել է, աղջիկը՝ ինքնասպան եղել։ Պատիժը կրելու ընթացքում Քոչարյանը մեկ այլ ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի հետ երկու անգամ փախուստի է դիմել կալանավայրից։