ՀԱՊԿ-ն ընդգծում է ԼՂ խնդրի բացառապես խաղաղ կարգավորումը

9518Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետություններն ընդգծում են Ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Այս մասին ասված է դեկտեմբերի 23-ին կազմակերպության նստաշրջանին անդամ պետությունների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ:

«Մենք՝ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներս, նշում ենք նաև Լեռնային Ղարաբաղի խնդրի բացառապես խաղաղ լուծման անհրաժեշտությունը՝ ընդգծելով այդ հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքների շուտափույթ ավարտի կարևորությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ՝ հիմնված միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի Կանոնադրության սկզբունքների ու նորմերի, Հելսինկիի եզրափակիչ ակտի դրույթների վրա, որոնք  մասնավորապես վերաբերում են ուժի չկիրառմանը կամ ուժի կիրառման սպառնալիքին, պետությունների տարածքային ամբողջականությանը, իրավահավասարությանը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքին»,-ասված է հայտարարության մեջ:

Մոսկվայում ՀԱՊԿ նստաշրջանին, որին մասնակցում է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ստորագրվել են մի շարք այլ փաստաթղթեր:

Սարգսյանն իր ելույթում անդրադարձել է ընթացիկ տարում հայ-ադրբեջանական պետական սահմանին և շփման գծում տեղի ունեցած միջադեպերին՝ ընդգծելով, որ Հայաստանն անընդունելի է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ լարվածության շիկացումը և Հարավային Կովկասի տարածաշրջանի ռազմականացումը:

«Մեր կողմից այսօր ընդունված փաստաթղթերն ուղղված են ծագող մարտահրավերներին և գոյություն ունեցող հիմնախնդիրներին հավաքական և կոորդինացված արձագանքելուն»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նա տեսակետ է հայտնել, որ  ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական համագործակցության հաջորդական զարգացման գործում միանգամայն տեղին քայլ կլինի Հավաքական ավիացիոն ուժերի ստեղծումը:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ՀԱՊԿ գծով համագործակցությունը հանդիսանում է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթություններից մեկը, և Հայաստանը պատրաստ է ակտիվորեն համագործակցել գործընկերների հետ՝ ի շահ Հավաքական անվտանգության պայմանագրի դրույթների ապահովման: Նա հույս է հայտնել, որ դա ՀԱՊԿ անդամ պետությունների ընդհանուր դիրքորոշումն է: