ԿԲ-ն 1,75 տոկոսային կետով բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը

KBԿենտրոնական բանկը դեկտեմբերի 23-ի նիստում որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 1.75 տոկոսային կետով՝ սահմանելով 8.5%։Ինչպես ասված է ԿԲ հաղորդագրության մեջ, վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվում է «ապագա գնաճային ճնշումները մեղմելու և առկա գնաճային սպասումները նպատակային ցուցանիշի շուրջ խարսխելու նպատակով՝ չնայած ակնկալվում է, որ տարեվերջին 12-ամսյա գնաճը դեռևս կգտնվի տատանումների թույլատրելի միջակայքում»։

ԿԲ-ն նշում է, որ հետագայում՝ տնտեսական զարգացումներին զուգընթաց, համապատասխանորեն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունները՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գնաճի նպատակի իրագործումը։

Գլխավոր դրամատունն արձանագրում է, որ 2014թ. նոյեմբերին արձանագրվել է 1.3% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.9%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է 2.6%։

«Արտաքին հատվածում վերջին զարգացումները հիմնականում արտահայտվել են ԱՄՆ տնտեսության աճի տեմպերի արագացմամբ, որի ներքո ձևավորվել են ԱՄՆ-ում տոկոսադրույքների հետագա բարձրացման սպասումներ։ Վերջինս պատճառ հանդիսացավ զարգացող երկրներից կապիտալի արտահոսքի դեպի ԱՄՆ, որը նպաստեց հիմնական զարգացող երկրների տնտեսական աճի տեմպերի դանդաղմանը և արժույթների արժեզրկմանը: Գրեթե բոլոր զարգացող երկրներն այս երևույթին արձագանքեցին տոկոսադրույքների որոշակի աճով՝ զսպելով գնաճային ճնշումները: Տարածաշրջանում այս ամենին լրացրեց հումքային շուկաների՝ հատկապես նավթի գնանկումը և աշխարհաքաղաքական հիմնախնդիրները, որոնք նպաստեցին ՌԴ տնտեսության նկատմամբ բացասական սպասումների ձևավորմանը և ռուբլու ու այլ հետխորհրդային երկրների արժույթների արժեզրկմանը:

Համաշխարհային տնտեսության և տարածաշրջանի վերոնշյալ զարգացումների ազդեցությունն արտացոլվել է նաև Հայաստանի տնտեսությունում, որտեղ արտաքին աշխարհից ստացվող արտարժութային հոսքերի կրճատումը արժեզրկման ճնշումներ ստեղծեց արժութային շուկայում: Դրամի արժեզրկման հետևանքով տեղի ունեցած որոշ ապրանքների թանկացման արագությունը բնակչության մոտ ապակայունացրեցին գնաճային սպասումները, որը բերեց ապրանքային և արտարժութային պահանջարկի կտրուկ ավելացմանը և զգալի լրացուցիչ գնաճային ճնշումների»,- ասված է ԿԲ հաղորդագրությունում:

ԿԲ խորհուրդը վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերջին փոփոխությունն արել էր ընթացիկ տարվա օգոստոսին՝ այն նվազեցնելով 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 6.75%։

Ակնարկ

Նոյեմբերի 24-ին դրամը մեկ օրում արժեզրկվեց 4%-ով՝ 1 դոլարը 415 դրամից դարձավ 435 դրամ։ Հետագա օրերին դրամը շարունակեց արժեզրկվել՝ անցնելով 1 դոլարի դիմաց 600 դրամի սահմանագիծը։ Դեկտեմբերի 18-ից այն սկսեց կայունանալ։

Դեկտեմբերի 23-ին դոլարի փոխարժեքը, ըստ ԿԲ-ի, կազմել է 458․51 դրամ։

Ռուբլու փոխարժեքը կայունացնելու նպատակով հիմնական տոկոսադրույքը դեկտեմբերի 16-ից կտրուկ բարձրացրել էր Ռուսաստանի Կենտրոնական բանկը՝ 10.5%-ից 17%-ի։ Դեկտեմբերի 15-ին ռուբլին մեկ օրում դոլարի նկատմամբ արժեզրկվել էր ավելի քան 8%-ով․ առևտրաշրջանի փակմանը դոլարի փոխարժեքը կազմել էր 64.4 ռուբլի, եվրոյինը՝ 78,8 ռուբլի։

Դեկտեմբերի 16-ին ռուբլին գրանցել էր արժեզրկման հերթական ռեկորդները՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը հասել էր 82.23 ռուբլու, իսկ եվրոն հատել էր 100 ռուբլու հոգեբանական շեմը։

Դեկտեմբերի 23-ին դոլարի փոխարժեքը, ըստ Ռուսաստանի Կենտրոնական բանկի, կազմել է 56․49 ռուբլի, եվրոյինը՝ 69․25 ռուբլի։