Հայաստանը հունվարի 2-ից կդառնա ԵՏՄ լիիրավ անդամ. Պուտին

Serzh-PutinՀայաստանը հունվարի 2-ից կդառնա Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Մոսկվայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ավարտից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսին, փոխանցում է Kremlin.ru-ն:

«Երկու ամիս առաջ մենք Մինսկում համաձայնագիր կնքեցինք՝ միությանը Հայաստանի անդամակցելու մասին: Վավերացման գործընթացն ավարտվել է, այնպես որ հաջորդ տարվա հունվարի 2-ից Հայաստանը կդառնա մեր միության լիիրավ անդամ»,- ասել է ՌԴ նախագահը:

Ինչպես հաղորդում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարների համատեղ մամուլի ասուլիսին Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարներին՝ միությանը Հայաստանի միանալու հարցում աջակցության համար, նաև նշել այդ երկրների համապատասխան նախարարությունների, գերատեսչությունների, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կատարած մեծ աշխատանքը և բոլորին մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ:

Ակնարկ

Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն և Նուրսուլթան Նազարբաևը Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը ստորագրեցին 2014թ․ մայիսի 29-ին Աստանայում։

Հոկտեմբերի 10-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ստորագրվեց Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագիրը։ Հայաստանի Ազգային ժողովը այն վավերացրեց դեկտեմբերի 4-ին՝ ձայների 103 կողմ, 7 դեմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ։ Դեկտեմբերի 10-ին փաստաթուղթը վավերացրեց Ռուսաստանի Պետդուման, իսկ դեկտեմբերի 17-ին՝ Դաշնության խորհուրդը։

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը դեկտեմբերի 18-ին վավերացրեց Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատը՝ Մեջլիսը, իսկ դեկտեմբերի 19-ին վերին պալատը՝ Սենատը։ Դեկտեմբերի 19-ին փաստաթուղթը վավերացրեց նաև Բելառուսի խորհրդարանի ստորին պալատը՝ Ներկայացուցիչների պալատը։

Դեկտեմբերի 23-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագրի վավերացման մասին օրենքը: