Ռուսաստանի և Հարավային Օսիայի միջև պայմանագիրը բռնակցման փորձ է. Վրաստանի ԱԳՆ

MFA-GeorgiaՎրաստանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել միջազգային հանրությանը ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Ռուսաստանի և Հարավային Օսիայի միջև համագործակցության և ինտեգրման մասին պատրաստվող պայմանագրի ստորագրումը թույլ չտալու համար, հաղորդում է BBC-ի վրացական ծառայությունը:

Վրաստանի ԱԳՆ-ի դիրքորոշման համաձայն՝ նոր պայմանագրի նախագիծը նպատակաուղղված է Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքի բռնակցմանը:

Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովը դեկտեմբերի 22-ին հայտարարել է, որ Մոսկվայի և Ցխինվալի միջև համագործակցության և ինտեգրման մասին պայմանագրի համաձայնեցված օրինակը պատրաստ կլինի 2015-ի հունվարին:

Ըստ պայմանագրի նախագծի՝ Հարավային Օսիան Ռուսաստանին է փոխանցում անվտանգության և պաշտպանության ապահովման լիազորությունները՝ ներառյալ Հարավային Օսիայի չճանաչված սահմանի պահպանությունը:

Նախագծում նաև նշվում է, որ երկու կողմերից մեկի նկատմամբ մեկ այլ երկրի ագրեսիան կդիտվի որպես ագրեսիա՝ նաև մյուս կողմի դեմ:

Նոյեմբերի 24-ին Մոսկվայի և Սուխումիի միջև ստորագրվել էր  «Համագործակցության և ռազմավարական գործակցության» մասին պայամանգիր, որով  երկու երկրների վարելու են  «համակարգված արտաքին քաղաքականություն», Ռուսաստանը քայլեր կձեռնարկի Աբխազիայի միջազգային ճանաչման ուղղությամբ և պայմաններ կստեղծի Աբխազիայի՝ միջազգային կազմակերպություններին, այդ թվում՝ իր նախաձեռնությամբ ստեղծվածներին անդամակցության համար: Պայմանագրով նախատեսվում է, որ պաշտապանության և անվտանգության ընդհանուր տարածքի ստեղծմանը կհաջորդի միացյալ զորամիավորումների ստեղծում: