Արցախում ստեղծվել է «Ազոխի քարանձավ» արգելոցը

resizeNews732 Ազոխի քարնձավը: Լուսանկարը՝ dreamlandarmenia.com-ից

Արցախում ստեղծվել է «Ազոխի քարանձավ» պետական բնապատմական արգելոց և հաստատվել դրա կանոնադրությունը: Լեռնային Ղարաբաղի հանրապետության կառավարության որոշման համաձայն՝ Արգելոցի ստեղծմամբ լիարժեք կիրականացվի տարածքում գտնվող պատմահնագիտական հուշարձանի, բնական միջավայրի պահպանումը, ինչպես նաև մշակութային արժեքների ուսումնասիրությունն ու դրանց նպատակային օգտագործումը:

Ինչպես հաղորդում են ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունից, «Տողի մելիքական ապարանք» պետական պատմամշակութային արգելոցի տարածքում գտնվող բնակելի տները և գույքը, որպես նվիրաբերություն, փոխանցվել և ամրագրվել են «ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ արգելոցի պատմական միջավայրի ամբողջականացման և պահպանման նպատակով:

Կառավարության որոշմամբ՝ կազմվելու է հուշարձանների գիտատեղեկատու շտեմարան, որի ստեղծման և վարման համար կհատկացվի 2մլն 640 հազար դրամ գումար: Շտեմարանը հանրամատչելի կդարձնի ԼՂՀ-ում գտնվող հուշարձանների մասին տեղեկությունները:

ԼՂՀ կառավարությունը հանրապետությունում գործող հյուրանոցային տնտեսության օբյեկտների գնային քաղաքականության բարելավման, Արցախ այցելած զբոսաշրջիկների քանակի վիճակագրության հստակեցման և զբոսաշրջային գործունեությամբ զբաղվող բոլոր սուբյեկտների համար պարտադիր հաշվառում իրականացնելու, ինչպես նաև դրանց տարբերազատման հստակեցման անհրաժեշտությունից ելնելով՝ լրացումներ է առաջարկել «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» օրենքում, որը կներկայացվի ԱԺ-ի քննարկմանը:

Մեկնաբանել