Թուրքական ֆլեշ-մոբ

Հաղթանակը փառահեղ էր ու ավելի քան՝ բարոյական: Փուչիկներ չեն պայթել, երիտասարդ ուսանողուհիների նուրբ թևերը չեն այրվել, չընտրվածի ելույթը հարամ չի եղել:

Հաղթանակը փառահեղ էր ու ավելի քան՝ բարոյական:

Փուչիկներ չեն պայթել, երիտասարդ ուսանողուհիների նուրբ թևերը չեն այրվել, չընտրվածի ելույթը հարամ չի եղել: «Ոչ Թուրքիայում հանգստին» ֆլեշ-մոբի կազմակերպիչը նորմալ երկրում կարող էր նաև նախորդ և այս Ամանորը դիմավորել ճաղերի հետևում:

Ֆեյսբուքի, սփյուռքյան մամուլի ու հայրենական լրատվամիջողների թիվ մեկ թեման էր մի քանի ժամ: Անպատասխանատու հայրենասերները կանգնում էին ստենդի տակ ու տարբեր՝ խիզախ, պահանջատեր, լուրջ, նաև հորթային հրճվանքով նկարվում: Կոչը պարզ է՝ Թուրքիայում չի կարելի հանգստանալ:

Ո՞րն է Թուրքիան, որտեղո՞վ են անցնում Թուրքիայի սահմանները: Եթե այդ սահմաններն անցնում են Ախուրյանով և Արաքսով, ինչպես Ցյուրիխյան երկու արձանագրություններն են ընդգծում և որի տակ Սերժ Սարգսյանի արտգործնախարարի ստորագրությունն է, ապա դա արդեն լուրջ է: Ուրեմն, Հայաստանի հինգ մայրաքաղաքներ՝ Վանը, Տիգրանակերտը, Բագարանը, Կարսն ու Անին, զիջել եք թուրքերին:

Ուրեմն, չի կարելի գնալ Սուրբ խաչ, Անիի ավերակներ ու Կարսի Առաքելոց:

Դո՛ւք հանրապետականներ ու թուրքագետներ, որ լծվել էիք Սերժ Սարգսյանի քարոզարշավին և բացատրում էիք, թե ինչ լավ փաստաթղթեր են ստորագրվել, դուք պապանձվեցիք, երբ մարդամեկը ֆուտբոլի ֆեդերացիայի զինանշանի վրայից Արարատ սարն էր ջնջել: «Երկիր Մեդիան» դադար չէր տալիս՝ պնդում էր, թե Աբդուլահ Գյուլի այցի երեկոյան Ծիծեռնակաբերդի լույսերն են մարվել, որ պատվարժան հյուրը չնեղվի, դուք ծպտուն չէիք հանում:

Հիմա այդ նույն վայրում ԴԱՀԿ-ն է ֆլեշ-մոբ անում՝ անունը դնելով երդում: Ո՞րքան է ձեր ցինիզմի սահմանը: Է՞լ ինչպես եք այդ նվիրական վայրը ապականելու: Եթե ուզում եք Հայաստանում մնացած բոլոր հայերին ապացուցել, որ սրիկայի վերջին հանգրվանը հայրենասիրությունն է, ապա դրա կարիքը չկա: Ամեն մի հայ կամ գրեթե ամեն մի հայ դա զգում է իր մաշկի վրա, արտագաղթում, որպեսզի ձեր ֆլեշ-մոբերի տարածքի պակաս չզգացվի:

Նայում ես այս ֆլեշմոբի կազմակերպիչներին ու թերթում Հայաստանի ազգային վիճակագրական վարչության տվյալները: Այս տարի Հայաստան է մտել մոտ 200 միլիոն դոլարի թուրքական ապրանքներ: Ո՞վ, ովքե՞ր են այս ապրանքները ներկրում: Եթե Վսեմաշուքն ասում է, որ փոքր երկրում տասը հոգի չպիտի շաքար ներկրի, ապա նույն այդ փոքր երկրում ո՞վ է թույլ տվել տասը հոգու թուրքական նարինջ ու լոլիկ ներկրել:

Շրջում ես ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանի City-ներում, ամենուր թուրքական արկղերով նարինջներն ու լոլիկներն են: Հայաստանը թուրքախեղդ է լինում հազար ու մի տեսակ ապրանքներով, սրանք բյուջեի փողերով ֆլեշ-մոբ են սարքում ու իբր հայրենասիրություն քարոզում:

Որքան իշխանական լրատվամիջոցներում ավելանում է հակաթուրքական քարոզչության չափաբաժինը, այնքան ՀՀԿ-ականներն ու նրանց մոտ կանգնած գործարարները ավելի շատ ապրանք են ներկրում Թուրքիայից ու մեզ ուտեցնում թուրքական նարինջ, թուրքական լոլիկ ու ամեն թուրքական:

Շնորհավոր Ամանոր ու Սուրբ ծնունդ: Սա այս տարվա իմ վերջին սյունն էր:

Կամ ֆլեշ-մոբը: