Անկարայի և Բրյուսելի հարաբերությունները՝ մերթ տաք, մերթ սառը

Կենտրոնում՝ Ռեջեփ Թայիփ Էրդողան, աջից՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկեր Կենտրոնում՝ Ռեջեփ Թայիփ Էրդողան, աջից՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկեր

Վերջին օրերին Անկարան և Բրյուսելը միմյանց հասցեին հայտարարություններ են հնչեցնում՝ մերթ քննադատելով միմյանց, մերթ փորձելով մեղմել իրավիճակը: Բանավեճը նոր թափ ստացավ դեկտեմբերի կեսին Թուրքիայում առաջատար լրատվամիջոցների դեմ հակաահաբեկչական օպերացիայից հետո, որին արձագանքեցին ԵՄ-ի բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ: Today’s Zaman-ի սյունակագիրներ Ջուստ Լագենդիյքն ու Բերիլ Դեդեօղլուն անդրադարձել են Թուրքիայի և ԵՄ-ի միջև հարաբերություններում վերջին զարգացումներին և առհասարակ՝ անդամակցության գործընթացին: Հոդվածներից հատվածներ թարգմանաբար ներկայացված են ստորև: 

Անկարան և Բրյուսելը նման են սիրեցյալների. Ջուստ Լագենդիյք

Այս օրերին հետաքրքիր է հետևել, թե ինչպես են Թուրքիան և Եվրոպական Միությունը (ԵՄ) միմյանց հետ տաք ու սառը խաղում: Մի օր երկուսն էլ քննադատում են միմյանց՝ հանդես գալով խիստ հայտարարություններով և հարաբերությունները հասցնելով անկումային վիճակի: Մյուս օրը, ինչպես խղճահարված սիրեցյալներ, նրանք փորձում են փոխհատուցել հասցված վնասը:  

Հիշո՞ւմ եք՝ անցյալ շաբաթ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել էր, որ իրեն չի հետաքրքրում՝ կդառնա՞, թե ոչ Թուրքիան ԵՄ-ի անդամ: Չեմ հիշում ԵՄ-ի թեկնածու որևէ երկրի առաջնորդի, որը կօգտագործեր նման կոպիտ և կտրուկ արտահայտություններ:

Ի՞նչ տեղի ունեցավ մի քանի օր անց: Նոր Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հետ հեռախոսազրույցում նույն նախագահն ասել է, որ ԵՄ-ին անդամակցությունը ռազմավարական կարևորություն ունի Թուրքիայի համար, Յունկերն էլ ընդգծել է Թուրքիայի անդամակցության գործընթացում առաջընթացի տեսանկյունից նրա և ԵՄ-ի համատեղ ջանքերի կարևորությունը:

Ես իսկապես ցավում եմ կառավարամետ բոլոր լրագրողների ու սյունակագիրների համար, որոնց պարտականությունն է բացատրել, պաշտպանել և օրինականացնել թերթի քաղաքական տերերի կիրառած ոչ ազնիվ ճանապարհները: Այսպես՝ Sabah օրաթերթը լավ օրինակ է, թե ինչպես են «Արդարություն և զարգացում» կուսակցության նվիրյալները Հերկուլեսի պես պայքարում՝ ԵՄ-ի նկատմամբ էրդողանական քաղաքականությունն իմաստավորելու համար: 

Sabah-ի որոշ սյունակագիրներ նախընտրում են արդարացնել նախագահի ագրեսիվ հռետորաբանությունը՝ ցույց տալով, թե որքան վատն է ԵՄ-ն: Նրանք ընդգծում են իսլամոֆոբիայի աճը և մեղադրում ԵՄ-ին մուսուլմանների հանդեպ ռասիստական վերաբերմունքի դեմը չառնելու մեջ: Ինչո՞ւ: Մարգար Եսայանի խոսքով՝ «պատճառը Մերձավոր Արևելքի վրա վերևից նայելու արևմտյան դասական գոռոզ դիրքորոշումն է»: Այլ կերպ ասած՝ Թուրքիան իրավունք, նույնիսկ պարտավորություն ունի հանդես գալու օրիենտալիզմի արդի այս տարբերակի դեմ, որը դավադրաբար քողարկված է որպես մտահոգություն մամուլի ազատության համար: 

Համապարփակ բարեփոխումների համար պետք է նոր սահմանադրություն. Բերիլ Դեդեօղլու 

ԵՄ-ի մասին նախագահի վերջին հայտարարությունները շատերին անհանգստացրին: Նախ՝ նրանք, ովքեր ժամանակին աջակցել են կառավարող կուսակցությանը եվրոպամետ դիրքորոշման համար, նրան մեղադրեցին իր խոստումները չհարգելու մեջ:

Այս մարդիկ հաճախ հասարակության ամենաարևմտականացված և աշխարհիկ հատվածն են ներկայացնում, չնայած նրանք բոլորն էլ ժողովրդավար կամ բազմակարծ չեն: Նրանք մտահոգված են ԵՄ գործընթացի ընդհատմամբ, ոչ որովհետև այդքան սիրում են եվրոպացիներին, այլ վախենում են, որ ԵՄ-ին այլընտրանքը կլինի ավելի «մերձավորարևելականացված» Թուրքիա:

Այնուամենայնիվ, ԵՄ-ին անդամակցության գործընթացը ամենաշատը վերաբերում է անհատների իրավունքներին, ինչին ի պատասխան բոլորը պետք է հավասարապես հարգեն ԵՄ-ի առանցքային արժեքները, ինչպես օրինակ՝ թափանցիկությունն ու օրենքի գերակայությունը: Այլ կերպ ասած՝ եթե քրդական քաղաքական շարժումը աջակցի ԵՄ-ին անդամակցության գործընթացին, այն իր հերթին պետք է թափանցիկ դառնա:

Մոտենում են համընդհանուր ընտրությունները, և կառավարությունը չի կարծում, որ հենց այս պահին անհրաժեշտ է համապարփակ բարեփոխումներ սկսել: Նախևառաջ՝ ԵՄ-ն գերակայություն չէ կուսակցության համախոհների հիմնական մասի՝ պահպանողականների ու կրոնապաշտների համար:

Կարելի է եվրոսկեպտիկ քաղաքականություն որդեգրել քաղաքական դրդապատճառներով, սակայն դա չի կարող արդարացնել ժողովրդավարական բարեփոխումների չիրագործումը: Ցավոք՝ ԵՄ-ի դեմ հռետորաբանությունը ժամանակի ընթացքում կարող է դառնալ խոչընդոտ Միությանն անդամակցելու համար անհրաժեշտ բարեփոխումների իրականացման ճանապարհին:

Ամեն դեպքում, համապարփակ բարեփոխումների համար պետք է բացարձակ նոր սահմանադրություն գրել, սակայն չգիտենք՝ ինչպես է դա հնարավոր ներկա քաղաքական պայմաններում: Ակնհայտ է, որ ներկայիս խորհրդարանը չի կարողանալու նոր սահմանադրություն ընդունել, քանի որ քաղաքական կուսակցությունների մեջ կոնսենսուս չկա: Այսպիսով՝ կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հույս ունի առաջիկա ընտրություններում ձայների որակյալ մեծամասնություն ստանալ՝ միայնակ նոր սահմանադրություն գրելու հնարավորություն ունենալու նպատակով: Քաղաքական կուսակցությունը, որը կենտրոնացած է որքան հնարավոր է շատ ձայներ հավաքելու վրա, չի կարող սահմանադրական համապարփակ բարեփոխումների վերաբերյալ բանավեճ սկսել, քանի որ դա շատ հակասական է: Հենց սա է տեղի ունենում Թուրքիայում: