Լևոն Հայրապետյանը հոսպիտալացվել է

Levon-Hayrapetyan1Դեկտեմբերի 23-ին Մոսկվայում կտրուկ վատացել է տնային կալանքի տակ գտնվող արցախցի գործարար Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը, նրան շտապ հոսպիտալացրել են։ Այս մասին «Արցախն այսօր» տեղեկատվական կենտրոնին հայտնել է նրա բժիշկ Հենրի Բակունցը։

«Հայրապետյանը քաղցկեղ ունի, ինչպես նաև սրտի ու ճնշման հետ կապված խնդիրներ, շաքարախտ։ Նրան ստացիոնար բուժում է հարկավոր, հիվանդանոցում անցկացրած մի քանի օրը շատ քիչ է»,- ասել է Հենրի Բակունցը։

Artsakhpress.am-ը, վկայակոչելով գործարարի ֆրանսաբնակ ընկեր Մացակ Փոլադյանին, գրում է, որ ներկայում նրա վիճակը կարելի է գնահատել բավարար։

Ակնարկ

65-ամյա գործարար Լևոն Հայրապետյանը մեղադրվում է հանցավոր ճանապարհով ձեռք բերված փողերի վատնման և լվացման մեջ ռուսական «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերի վաճառքի գործով։ Ըստ ռուսական «Վեդոմոստի» թերթի՝ նա «Բաշնեֆտի» վաճառքի գործարքից $50 մլն միջնորդավճար է ստացել։

Լևոն Հայրապետյանը ձերբակալվել էր 2014թ․ հուլիսի 15-ին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում։ Նրա ձերբակալման համար հիմք էին ծառայել Բաշկիրիայից նախկին սենատոր Իգոր Իզմեստևի (վերջինս ցմահ բանտարկություն է կրում մի շարք առանձնակի ծանր հանցագործությունների համար) ցուցմունքները։

Մոսկվայի Բասմանյան շրջանի դատարանը հուլիսի 17-ին բավարարել էր գործարարին մինչև սեպտեմբերի 15-ը կալանքի տակ պահելու միջնորդությունը։ Հայրապետյանը չէր համաձայնել տվյալ որոշման հետ և այն բողոքարկել էր Մոսկվայի քաղաքային դատարանում։

Սեպտեմբերի 12-ին դատարանը Հայրապետյանի կալանքը երկարաձգել էր մինչև դեկտեմբերի 15-ը։ Սեպտեմբերի 13-ին նրա դեմ երկրորդ քրեական գործն էր հարուցվել։

Հոկտեմբերի 3-ին Մոսկվայի Բասմանյան շրջանի դատարանը Հայրապետյանի խափանման նախանական միջոցը` եռամսյա կալանքը, փոխարինել էր տնային կալանքով՝ պայմանավորված գործարարի վատ ինքնազգացողությամբ։

Դեկտեմբերի 10-ին դատարանը Հայրապետյանի տնային կալանքը երկարաձգել է չորս ամսով՝ մինչև ապրիլի 19-ը։

Լևոն Հայրապետյանն իր մեղքը չի ընդունում և հերքում է իր հասցեին ուղղված բոլոր մեղադրանքները։ Նրա եղբայրը՝ Վլադիմիր Հայրապետյանը, գործարարի ձերբակալումը քաղաքական հաշվեհարդար է որակում։

Լևոն Հայրապետյանը ծնվել է 1949թ.։ Երկար տարիներ որպես լրագրող է աշխատել «Օգոնյոկ» ամսագրում և «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականում։ Հետագայում Հայրապետյանը սկսել է գործարարությամբ զբաղվել՝ կապված նավթի մատակարարումների հետ։

Մեկնաբանել