Ոչ պիտանի խոզի մսի իրացման փաստով քրեական գործ է հարուցվել

porkՔննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ խոշոր չափերով ոչ պիտանի խոզի միս իրացնելու դեպքի առթիվ։ Ինչպես հաղորդում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածի (սպառողներին խաբելը) 2-րդ մասի 1-ին կետով։

«Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ քաղաքացի Պետրոսյանը 2014թ. դեկտեմբերի 20-ին Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցի հարևանությամբ գործող խոզաբուծական տնտեսությունից ձեռք է բերել խոզի մսի խմբաքանակ։ Նշված ապրանքի սպառողական հատկանիշների և որակի վերաբերյալ սպառողներին թյուրիմացության մեջ գցելով՝ մի մասը՝ սատկած, հոգեվարքի շրջանում մորթված, ոչ թարմ, սննդի համար ոչ պիտանի, խոշոր չափերով՝ 235,3 կգ խոզի միսն իրացվել է մսի վաճառքով զբաղվող անձին»,- ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում։

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ գործի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ, նշում են Քննչական կոմիտեում։

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը նախօրեին տեղեկացրել էր, որ դեկտեմբերի 21-ին ստացել է գրություն ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունից առ այն, որ շուկայում իրացվում է սատկած խոզի միս։ Դեկտեմբերի 24-ին՝ ավելի վաղ, սննդամթերքի անվտանգության ծառայությունը հաղորդել էր, որ իր աշխատակիցները ներգրավվել են ոստիկանության կողմից Երևանի «Նորքի շուկա» և «Մալաթիայի թիվ 4 շուկա» ընկերությունների տարածքներում գործող մսի վաճառքի կետերում ստուգայցերին, որոնց ընթացքում հայտնաբերված սննդում ոչ պիտանի մսեղենի վաճառքը կասեցվել է, խմբաքանակը շուկայից դուրս է բերվել և կապարակնքվել։