Ռուսաստանի վարկանիշներին սպառնում է իջեցում մինչև «աղբային» մակարդակի

S&PՄիջազգային Standard & Poor’s (S&P) վարկանշային գործակալությունը Ռուսաստանի պետական պարտատոմսերի վարկանիշը վերանայման է դրել՝ իջեցնելու հնարավորությամբ։

Վարկանիշի իջեցումը թեկուզ մեկ աստիճանով կնշանակի անցում ոչ ներդրումային գոտի կամ այսպես կոչված «աղբային» մակարդակի։

Սա կհանգեցնի ռուսական պետական պարտատոմսերի նկատմամբ ներդրողների պահանջարկի նվազման, իսկ փոխառությունների արժեքը արտաքին շուկաներում Ռուսաստանի համար կաճի։

S&P-ն Ռուսաստանի սուվերեն վարկանիշի վերանայման անհրաժեշտությունը բացատրում է երկրի տնտեսական իրադրության վատթարացմամբ։ Որոշումը հայտարարվելու է 2015թ․ հունվարի կեսին։

Լույս դեկտեմբերի 24-ին միջազգային վարկանշային մեկ այլ գործակալություն՝ Moody’s-ը, վերանայման է դրել՝ իջեցնելու հնարավորությամբ, ռուսական 45՝ ֆինանսական հատվածին չվերաբերող ընկերությունների վարկանիշները։

Դրանց թվում են «Բաշնեֆտ»-ը, «Լուկօյլ»-ը, «Ռոսնեֆտ»-ը, «Նորնիկել»-ը և այլ խոշոր ընկերություններ։ Նրանց վարկանիշների կանխատեսումը բացասական է։

Moody’s-ն արդեն իջեցրել է «Գազպրոմի» վարկանիշը՝ օտարերկրյա արժույթով։

Ավելի վաղ Moody’s-ը վերանայման էր դրել ռուսական 16 խոշոր բանկերի վարկանիշները և նվազեցրել էր Ռուսաստանի ՀՆԱ-ի կանխատեսումը։ Գործակալության փորձագետները կարծում են, որ 2015թ․ Ռուսաստանի տնտեսության անկումը կկազմի 5,5%, 2016թ․՝ 3%։