Վրաստանի նախագահը հրավիրվել է Մոսկվա՝ Մեծ հայրենականի 70-ամյակին

MargvelashviliՎրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հրավիրվել է Մոսկվա՝ 2015թ․ մայիսին մասնակցելու Երկրորդ աշխարհամարտում և Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին նվիրված տոնակատարությանը։

«Գրուզիա օնլայն» գործակալության հաղորդմամբ՝ հրավերը ստացվել է դեռ 2014թ․ հուլիսին։ Ինչպես հայտարարել են Վրաստանի արտգործնախարարությունում, պաշտոնական հրավերը ստացվել է Շվեյցարիայի դեսպանության միջոցով, սակայն նոտայում տեխնիկական սխալ է եղել, ինչի պատճառով փաստաթուղթն ուղարկվել է հետ՝ ուղղման։ Սխալը վերաբերել է Վրաստանի նախագահի հայրանվանը։

Վրաստանի արտգործնախարարությունը տեղեկացրել է, որ դրանից հետո ուղղված հրավեր Ռուսաստանից իրենք չեն ստացել։

2008թ. օգոստոսի ռուս-վրացական պատերազմից հետո Վրաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են։ Երկրների շահերը ներկայացնում են Թբիլիսիում և Մոսկվայում Շվեյցարիայի դեսպանությունները։