Նավթի գնանկումը սպառնում է Ադրբեջանի տնտեսությանը

122214_2Ադրբեջանը թեև հայտարարում է, որ նավթի $60/բարել գինն իրեն չի վախեցնում, Բաքուն մտավախության պատճառներ, այնուհանդերձ, ունի, գրում է Eurasianet.org կայքը:

Ադրբեջանի բյուջեն հաշվարկված է նավթի $90/բարել գնի վրա: Պետբյուջեի շուրջ 53,5%-ը ապահովվում է Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի՝ SOFAZ-ի հաշվին, որի ֆինանսական միջոցները գոյանում են նավթային նախագծերից: Պետբյուջեի միջոցների ևս 20%-ը ապահովվում է նավթային ոլորտի ընկերությունների եկամուտների հարկման հաշվին:

Ադրբեջանի կառավարությունը դեռևս պնդում է, որ կարող է հաղթահարել նավթի գների անկումը: Ադրբեջանցի պաշտոնյանեը համոզված են, որ նավթը կրկին կթանկանա:

«Եթե դիտարկենք վերջին 20 տարին, կտեսնենք, որ նավթի գները մշտապես փոփոխվել են»,- դեկտեմբերի 17-ին հայտարարել է Ադրբեջանի  արդյունաբերության և էներգետիկայի նախարար Նատիգ Ալիևը:

Դեկտեմբերին ավելի վաղ ռուսական «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոստովանել էր, որ նավթի գների նվազումը կարող է բացասական ազդեցություն ունենալ կառավարության բյուջետային ծրագրերի վրա:

2015թ. բյուջեի միջոցների մեկ երրորդը հատկացված է ներդրումային ծրագրերին, ընդ որում՝ դրանց 20%-ը նախատեսված է Ալիևի սիրելի նախագծի՝ Եվրոպական օլիմպիական խաղերի համար, որոնք տեղի են ունենալու Բաքվում 2015թ. ամռանը:

Դեռևս որևէ բան չի վկայում, որ իշխանությունները կարող են կրճատել խաղերի ֆինանսավորումը: Նախագահ Ալիևը սակայն նշել է, որ անհրաժեշտության դեպքում ենթակառուցվածքային նախագծերի ֆինանսավորումը կարող է կրճատվել՝ չներկայացնելով այլ մանրամասներ:

2013թ. Ադրբեջանի ՀՆԱ-ում, որը կազմել է $73,56 մլրդ, շինարարական ոլորտի մասնաբաժինը կազմել է 12%: Այս ոլորտը նավթային սեկտորից հետո երկրորդն է իր ակտիվությամբ:

Ադրբեջանցի վերլուծաբանները նշում են, որ եթե կառավարությունը կկասեցնի այդ նախագծերը, «առանց աշխատանքի կմնան շատերը»:

Ալիևն ասել է՝ նավթի գների $60/բարել-ից նվազումը տնտեսական որևէ հետևանքների չի հանգեցնի: Նրա այս հայտարարությունից հետո նաթվի գինն արդեն նվազել է այդ մակարդակից, սակայն այնուհետ կրկին բարձրացել։

Բարդ է ասել՝ ինչ կլինի նավթի գների հետ առաջիկա շաբաթներին: Սակայն վստահորեն կարելի է ասել, որ Ադրբեջանի կառավարությունը անզուսպ ծախսերի համար հավելյալ գումարներ առանձնապես չի ունենա:

Փորձագետների կարծիքով՝ SOFAZ-ը նավթի գների անկման հետևանքով $3,1 մլրդ կկորցնի:

Հիմնադրամի մամուլի և հանրային կապերի գծով պատասխանատու Ջամալ Ալիևը, ինչպես նախարար Նատիգ Ալիևը, կարծում է, որ նավթի գների անկումը երկար չի տևի: «Անհրաժշետության դեպքում հիմնադրամը իր պահուստներից կօգտվի՝ կարճաժամկետ հեռանկարում եկամուտների և ծախսերի միջև տարբերությունը փոխհատուցելու համար»,- ասել է նա:

Փորձագետների կարծիքով՝ նավթի գների անկման թիրախ է նաև երկրի Կնետրոնական բանկը:

Ադրբեջանի ԿԲ պաշտոնական տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա նոյեմբերին արժութային պահուստները աննշան են կրճատվել՝ $15 մլրդ-ից մինչև $14,99 մլրդ: Մյուս կողմից՝ ԿԲ-ն հրաժարվել է մեկնաբանել ներկայում ստեղծված իրավիճակը:

Քննադատները նշում են, որ կառավարությունը երկիրը վատ է նախապատրաստել բարդ ժամանակներին:  Փորձագետները նշում են, որ անհրաժեշտ էր պայքարել կոռուպցիայի դեմ, դիվերսիֆիկացնել բյուջեի եկամուտների աղբյուրները, խթանել մանր ու միջին բիզնեսի զարգացումը, սակայն կառավարությունը դա չի արել:

Տնտեսական լրագրողները նշում են, որ մանր ու միջին բիզնեսի մասնաբաժինը Ադրբեջանի ՀՆԱ-ում 1,7%  է:

Ադրբեջանի Մեջլիսի էկոնոմիկայի հարցերով  հանձնաժողովի անդամ Վահիդ Ահմեդովը նշում է, որ կառավարությունը դիվերսիֆիկացմանը պատշաճ ուշադրություն չի հատկացնում: Նրա խոսքով՝ «վերջին 2-3 տարում երկրի նավթային սեկտորն աճել է 10-15%-ով, և իրենք շարունակում են աշխատել այդ ուղղությամբ»:

Նրա կարծիքով ՝ Ադրբեջանի արժութային պահուստները բուֆեր են, որը հնարավորություն կտա հաղթահարել նավթի գների անկումը, և գալիք երկու տարում բնակչությունը նավթի գների նվազումը չի զգա:

Չնայած դրան բնակչության շրջանում առկա է որոշակի մտահոգություն, իսկ խոցելի խավերին աջակցության ցուցաբերման նպատակով լրացուցիչ միջոցառումների իրականցման հարցում կառավարությունը դեռևս լռում է: