Վարդան Պետրոսյանը Նոր տարին կդիմավորի կալանավայրում

Screen Shot 2014-12-25 at 2Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դերասան Վարդան Պետրոսյանի գործով հերթական դատական նիստը դեկտեմբերի 25-ին չկայացավ։ Ինչպես հաղորդում է ՍիվիլՆեթի թղթակիցը, դերասանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը տեղեկացրեց, որ Վարդան Պետրոսյանը վատառողջ է, և նրա ներկայությունը դատարանում ապահովել հանարավոր չի եղել։

Բաղդասարյանն ասաց, որ դերասանին պետք է այցելի բժիշկ, որից հետո պարզ կդառնա, թե նա ինչ վիճակում է։

Դատական հաջորդ նիստի օրը դեռ հայտնի չէ, սակայն այս տարի դերասանի գործով նիստ այլևս տեղի չի ունենա։

Վարդան Պետրոսյանի գործով դատական նախորդ նիստը կայացել էր դեկտեմբերի 17-ին։ Նախատեսված էր, որ պետք է մեղադրական ճառով հանդես գա դատախազ Արթուր Սարգսյանը, սակայն տուժողների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի միջնորդությամբ գործի դատաքննությունը վերսկսվեց, և տուժող կողմը Վարդան Պետրոսյանի դեմ ներկայացրեց քաղաքացիական հայց՝ վթարի հետևանքով տուժողներին պատճառված վնասի հատուցման համար։ Տուժող կողմը Վարդան Պետրոսյանից պահանջեց ավելի քան 12 մլն դրամի փոխհատուցում։

Վարդան Պետրոսյանն անազատության մեջ է 2013թ. նոյեմբերից՝ հոկտեմբերի 20-ին Երևան-Եղվարդ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի գործով: Վթարի հետևանքով զոհվել էին հորեղբորորդիներ Էդգար և Էդուարդ Հակոբյանները: Դերասանը մեղադրվում է ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ: Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրան սպառնում է 4-10 տարվա ազատազրկում։