Գների և փոխարժեքի տեսանկյունից իրավիճակը կայուն է․ Վաչե Գաբրիելյան

MHM92310Ապրանքների գների և փոխարժեքի տեսակետից ներկայում իրավիճակը կայուն է․ այսպիսի հայտարարություն է արել նախագահի հանձնարարությամբ ստեղծված ֆինանսական շուկայի իրավիճակի ուսումնասիրման խմբի ղեկավար, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը դեկտեմբերի 25-ին՝ կառավարության 2014թ․ վերջին նիստին։ Նա հավելել է, որ փոխարժեքի շուկայում տատանողականությունը ստանդարտի մեջ է։

«Փոխարժեքը կայունացել է, այս պահին փոխանակման կետերում փոխարժեքի գնման և վաճառքի տարբերությունը 3-5 դրամ է, որը մեր փոխարժեքի կետերում ընդհանրապես եղած պատմական ստանդարտ չափի մեջ է։ Շուրջ 94 խանութ ամսի 16-17-ին փակված էր և չէր գործում, որովհետև սպասումներ կային։ Այժմ այդ բոլոր խանութները վերադարձել են գործունեության։ Մի պահ կար, երբ բոլոր բաց խանութներում, որտեղ ապրանք կար, գնման գինը հստակ նշված չէր։ Դա ևս վերացել է բոլոր տեղերում: Ապրանքները վաճառվում են հստակ գներով և տատանման ենթակա չեն»,- ասել է Գաբրիելյանը։

Նա տեղեկացրել է, որ ֆինանսական շուկայի իրավիճակի ուսումնասիրման խումբը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից (ՏՄՊՊՀ) ստացել է մի շարք խոշոր խանութներում ամենօրյա դիտանցման արդյունքները, ըստ որոնց՝ ապրանքների գները դեկտեմբերի 17-ի ամենաբարձր մակարդակից զգալիորեն նվազել են և ունեն կայունացման միտում։ Կայունացման միտում է եղել նաև գազալցակայաններում։

Փոխվարչապետը նշել է, որ Կենտրոնական բանկը կներկայացնի հայեցակարգ՝ փոխանակման կետերի կարգավորումների վերաբերյալ՝ հնարավորինս փոքրացնելու տատանումները, իսկ ՏՄՊՊՀ-ն կներկայացնի հնարավոր անելիքները գերիշխող դիրք ունեցող սուբյեկտների պարագայում։

Ակնարկ

Նոյեմբերի 24-ին դրամը մեկ օրում արժեզրկվեց 4%-ով՝ 1 դոլարը 415 դրամից դարձավ 435 դրամ։ Հետագա օրերին դրամը շարունակեց արժեզրկվել՝ դեկտեմբերի 17-ին որոշ փոխանակման կետերում անցնելով 1 դոլարի դիմաց 600 դրամի սահմանագիծը։ Դեկտեմբերի 18-ից այն սկսեց կայունանալ։ Դեկտեմբերի 25-ին դոլարի փոխարժեքը, ըստ ԿԲ-ի, կազմել է 459․30 դրամ։

Դրամի արժեզրկմանը զուգահեռ թանկացան առաջնահերթ սպառման ապրանքները։

Մեկնաբանել