Դեկտեմբերի 25-ին շահագործման է հանձնվել վերջին 25 տարում Հայաստանի տարածքում ընթացիկ վերանորոգումն անցած առաջին էլեկտրաքարշը:
Գյումրիի լոկոմոտիվային դեպոյի 20 մասնագետները մոտ երկու ամիս վերանորոգում և վերականգնում էին ՎԼ-10 էլեկտրաքարշի էլեկտրասարքավորումները, շարժիչները և այլ մասերը:
Ինչպես հաղորդում են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի ծառայություոնից, դրա հետ մեկտեղ շահագործման է հանձնվել վերանորոգված ՎԼ-8 էլեկտրաքարշը, որը երկար ժամանակ չէր աշխատել:
Գյումրեցիներին շնորհավորել է ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը՝ նշելով, որ մոտ մեկ տարի առաջ ավարտվել էր Գյումրու լոկոմոտիվային և վագոնային դեպոների վերակառուցումը:
«Այսօր մենք ճանապարհ ենք բացում երկու նոր լոկոմոտիվների համար, որոնք ունեն 400 հազ. կմ. աշխատանքային ռեսուրս»,- ասել է ՀԿԵ ղեկավարը:
2015թ. Գյումրիում կվերանորոգվի ևս 3 էլեկտրաքարշ, ինչը թույլ է տալու էապես բարձրացնել գնացքների անվտանգ երթևեկության մակարդակը:
Նման բարդ տեխնոլոգիական աշխատանքի իրականացումը Հայաստանում հնարավոր էր դարձել 2013թ. ավարտված Գյումրիի լոկոմոտիվային և վագոնային դեպոների հիմնանորոգման շնորհիվ: Նշված դեպոները երկաթուղու հիմնարար ձեռնարկություններն են, որտեղ իրականացվում է շարժակազմի տեխնիկական սպասարկման և վերանորոգման ամբողջ ցիկլը:
Գյումրու լոկոմոտիվային դեպոյի վերակառուցումը թույլ էր տվել ոչ միայն վերականգնել արտադրամասերը, այլև ձևավորել Հայաստանում խոշորագույն և ժամանակակից մեքենաշինական համակարգերից մեկը: