ԵՏՄ-ն հեռանկարային է, կարծում է Լավրովը

LavrovՌուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հարցազրույց է տվել ռուսական «Կոմերսանտ» թերթին, որում ի թիվս այլնի՝ անդրադարձել է Եվրասիական տնտեսական միության զարգացման հեռանկարներին։

«Ստեղծվել է շատ հեռանկարային միություն։ Այս աշխատանքն իրականացվել է ռեկորդային ժամկետում, եթե համադրենք համանուն աշխատանքի հետ, որը երկար տարիներ իրականացվում էր Եվրամիությունում։ Եվրասիական տնտեսական միությունը կամրապնդվի նոր անդամներով՝ Հայաստանը, շուտով կմիանա Ղրղզստանը։ Հսկայական շուկա՝ 170 մլն մարդ։ Առավելություններն ակնհայտ են»,- ասել է Լավրովը։

Նրա խոսքով, իհարկե, կլինեն անհարթություններ, քանի որ առաջին փուլերում դրանք անխուսափելի են՝ հավաքվում է փորձառություն, գործում է փորձերի և սխալների մեթոդը։ «Մինչև որ ինչպես հարկն է կաշխատեն գործնական բոլոր մեխանիզմները, հավանաբար, կլինեն որոշակի դժվարություններ։ Սակայն դա պայմանավորված չի լինի նրանով, որ ինչ-որ մեկը փորձում է արհեստականորեն արգելակել ինտեգրումը»,- նշել է Ռուսաստանի արտգործնախարարը՝ հավելելով․ «Կան մեծ քանակությամբ համաձայնագրեր, և հարկ է պարզապես կազմակերպել այդ ամենը կյանքի կոչելու աշխատանքները։ Ես վստահ եմ, որ մենք աստիճանաբար կլուծենք նաև արժութային խնդիրները։ Այս մասին նախագահները խոսել են։ Սա ավելի երակարաժամկետ հեռանկարի աշխատանք է՝ մոտավորապես 2020-ականների առաջին կեսի մասին է խոսքը»։

Լավրովն անդրադարձել է նաև Բելառուսի և Ռուսաստանի միջև առևուտրը դոլարի և եվրոյի փոխադրելու հնարավորությանը ու նշել է, որ դա արդյունավետ չի լինի Բելառուսի տնտեսության համար։

«Ինչ վերաբերում է Բելառուսին և առևտրային հաշվարկներում եվրոյին ու դոլարին անցմանը, ապա մեր երկրների միջև առկա է զգալի առևտրաշրջանառություն՝ Ռուսաստանի համար էական դրական սալդոյով։ Ուստի եթե այն փոխադրվի արժույթի, ապա Բելառուսը ստիպված կլինի վճարել իր արժույթային պահուստներից։ Առևտրային սալդոն մեր օգտին է։ Եթե առևտուրը փոխադրվի եվրոյի և դոլարի, չեմ կարծում, որ դա արդյունավետ կլինի, այդ թվում՝ Բելառուսի տնտեսության տեսանկյունից»,- պարզաբանել է նա։

Ռուսաստանի արտգործնախարարը վստահեցրել է, որ Մոսկվան ու Մինսկը «բաց են խոսում միմյանց հետ»։ «Երբ յուրաքանչյուրը բացեիբաց արտահայտում է իր տեսակետը, դա նույնպես սերտ դաշնակցության նշան է»,- ասել է Լավրովը։

Ակնարկ

ԵՏՄ ստեղծման մասին պայմանագիրը, որն ուժի մեջ է մտնելու 2015թ․ հունվարի 1-ին, մայիսի 29-ին Աստանայում ստորագրել են Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն և Նուրսուլթան Նազարբաևը։

Հոկտեմբերի 10-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ստորագրվեց Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագիրը։ Հայաստանը ԵՏՄ լիիրավ անդամ կդառնա հունվարի 2-ից։

Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագիրը դեկտեմբերի 23-ին ստորագրեց Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը։

Վերջին ժամանակներում Ռուսաստանի և Բելառուսի միջև առևտրային հարաբերություններն այնքան էլ հարթ չեն։ Նոյեմբերի վերջին-դեկտեմբերի սկզբին նրանք փոխադարձաբար արգելել էին որոշ ապրանքների ներմուծումը։ Իսկ դեկտեմբերի 19-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի կառավարությունից պահանջել էր Ռուսաստանի հետ հաշվարկներն իրականացնել դոլարով կամ եվրոյով։

Մեկնաբանել