Դիվերսիոն փորձերից հետո հակառակորդը տարածքներ է ականապատել

TH_MineԴեկտեմբերի 25-ի գիշերը հակառակորդի կողմից շփման գծի հարավարևելյան ուղղությամբ ձեռնարկված հետախուզադիվերսիոն գործողությունները վնասազերծելուց հետո, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի առաջապահ ուժերը հետախուզել են ողջ առաջնագիծը:

Ինչպես հաղորդում են ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, տարածքի հետախուզման արդյունքում պարզվել է, որ բացի վերոնշյալ գործողություններից հակառակորդի հատուկ ջոկատայինները ևս երկու ուղղություններով /արևելյան և հյուսիսարևելյան/ հատել են հակամարտ զորքերի միջդիրքային տարածքը և ականապատել որոշ հատվածներ:

«Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ, տեղադրված բոլոր ականները վնասազերծվել են: Ականազերծման գործողությունների ընթացքում արտակարգ միջադեպեր տեղի չեն ունեցել:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն վերահսկել ողջ առաջնագիծը»,- ասված է ԼՂՀ ՊՆ հաղորդագրությունում։

Ավելի վաղ ՊԲ-ից տեղեկացրել էին, որ դեկտեմբերի 25-ի գիշերը՝ ժամը 01:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հարավարևելյան հատվածի երկու ուղղություններով ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման գործողություններ, կիրառել է տարբեր տրամաչափի հարձակողական զենքեր, այդ թվում՝ ձեռքի նռնակներ։

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները հակառակորդին հասցրել են կորուստներ և ստիպել նահանջել իրենց ելման դիրքեր։ Հակառակորդին դիմակայելու ընթացքում պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել:

Մեկնաբանել