Հայոց ցեղասպանության հարցը միջազգային գիտաժողովում՝ «Փերինչեքի գործից» առաջ

armen mazmanyan (1) Մազմանյանն ասում է, որ Մաաստրիխտի գիտաժողովը կարևոր է հատկապես այն համատեքստում, որ մի քանի օր հետո ՄԻԵԴ-ը քննելու է «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործը:

Հունվարի 22-23-ին Մաաստրիխտի համալսարանը (Նիդեռլանդներ) կազմակերպում է միջազգային խոշոր գիտաժողով՝ «Ժխտողականությունը և մարդու իրավունքները» թեմայով, որը ոլորտի խոշորագույն միջոցառումներից է: Երևանյան «Ապելլա» ինստիտուտի տնօրեն, իրավագիտության դոկտոր Արմեն Մազմանյանի նախաձեռնությամբ գիտաժողովի երկու առանձին նիստ նվիրված կլինի Հայոց ցեղասպանության թեմային:

ՍիվիլՆեթի հետ զրույցում Մազմանյանն ասաց, որ գիտաժողովը կարևոր է հատկապես այն համատեքստում, որ դրանից մի քանի օր հետո՝ հունվարի 28-ին, Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) քննելու է «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործը:

«Ես ինքս նախաձեռնել եմ երկու նիստ, որոնց ընթացքում քննարկվելու են Եվրոպայում ժխտողականության քրեականացման ասպեկտները: Ինչպես գիտեք, Գերմանիայում կան օրենքներ, որոնք քրեականացնում են Հոլոքոստի, իսկ Ֆրանսիայում և Շվեյցարաիյում՝ նաև Հայոց ցեղասպանության ժխտումը: Իհարկե, Ֆրանսիայում այդ օրենքը հակասահամանդրական ճանաչվեց: Իմ նախաձեռնած երկու նիստերի քննարկման առարկան կդառնան այդ օրենքների և երևույթի իրավական ասպեկտները, ինչպես նաև Հայոց ցեղասպանության հարցը»,- ասաց Մազմանյանը։

Նիստերին կմասնակցեն մի շարք հայտնի գիտնականներ, այդ թվում՝ Ժնևի համալսարանի պրոֆեսոր Սևան Ղարիբյանը, որը ժխտողականության ու Հայոց ցեղասպանության հարցում հայկական կողմի դիրքորոշման լոբբիստ է: Մազմանյանի խոսքով՝ գիտաժողովի ոչ բոլոր մասնակիցներն են հանդես գալիս ժխտողականությունը քրեականացնելու օգտին, ավելին՝ ոմանք կարծում են, որ անգամ Հոլոքոստի ժխտումը պետք չէ քրեականացնել: «Մեծ մասը, այդուհանդերձ կարծում է, որ Փերինչեքի գործում խտրական որոշում է կայացվել, քանի որ Հայոց ցեղասպանությունը հակադրվեց Հոլոքոստի հետ»,- ասաց նա:

Ցեղասպանությունների հիերարխիա՞

Նիստերից մեկը կրում է «Եվրոպայում ժխտողականության քրեականացման օրենսդրությունը» խորագիրը, որի գլխավոր հարցն այն է, թե արդյոք Եվրոպայում օրենսդրության հարցում ցեղասպանությունների հիերարխիկ մոտեցում կա՞: Արմեն Մազմանյանի խոսքով՝ գիտաժողովի մասնակցիներից մեկը՝ բելառուս Վլադիսլավ Բելավուսաուն, օրինակ, համարելով, որ պետք չէ ընդհանրապես քրեականացնել ժխտողականությունը, այնուամենայնիվ պնդում է, որ Փերինչեքի գործում տրիվիալ որոշում է կայացվել: «Այդ որոշումը թեև հայկական դիրքորոշման առումով նպաստավոր չէր, սակայն նորմատիվ-իրավական առումով բավական պարզունակ բաներ կան դրանում: Հետևապես, ՄԻԵԴ-ում հունվարի 28-ի լսումները շատ կարևոր են, և միգուցե ամենակարևորը կլինեն Հայոց ցեղասպանության ճանաչման իրավական գործընթացի, երևույթին իրավական գնահատական տալու առումով»,- ասաց Մազմանյանը՝ ընդգծելով, որ Փերինչեքի գործով աննխադեպ որոշում է կայացվել, որը խտրական է, քանի որ ժխտողականությունն ինքնին արդեն խտրական, ռասիստական տարր է պարունակում: «Այդ որոշմամբ եվրոպական իրավական դաշտում չափազանց տրիվիալ, խտրական նախադեպ ստեղծվեց, ու գիտական շրջանակների կողմից այն չողջունվեց: Նիստերի ընթացքում հենց դա կշեշտվի»,- նշեց Մազմանյանը։

Լինելու է նաև երրորդ նիստ, որի ընթացքում քննարկվելու է ժխտողականությունը հենց Հայոց ցեղասպանության համատեքստում: «Սա արդեն իմ նախաձեռնությունը չէ: Այդ նիստին կքննարկվեն Հայոց ցեղասպանության ոչ այնքան իրավական, որքան պատմական ասպեկտները: Նիստին խոսնակներից մեկը ազգությամբ թուրք, Մաաստրիխտի համալսարանից Բիրսեն Էրդողան անունով մի կին է: Նրա զեկույցը վերնագրված է «Հայոց ցեղասպանություն»։

Դողու Փերինչեքի գործի մասին

Թուրք քաղաքական գործիչ, Թուրքիայի Աշխատավորական կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքը Շվեյցարիայում 2005թ. կազմակերպված մի գիտաժողովի ժամանակ Հայոց ցեղասպանությունը որակել էր «միջազգային սուտ»: Շվեյցարական դատարանն այս հայտարարության համար 2008թ. նրան դատապարտել էր 90-օրյա պայմանական ազատազրկման կամ դրան համարժեք տույժի, ինչպես նաև 12 հազ. շվեյցարական ֆրանկ տուգանքի:

2013թ. դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Փերինչեքի հայցն ընդդեմ Շվեյցարիայի։ ՄԻԵԴ-ի վճռում ասված է, որ Շվեյցարիան խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը, այն է՝ խոսքի ազատության իրավունքը:

Շվեյցարիայի կառավարությունը դիմեց ՄԻԵԴ՝ բողոքարկելու Փերինչեքի գործով որոշումը։ 2014թ․ հունիսի 3-ին ՄԻԵԴ-ի հինգ դատավորներից բաղկացած կազմը կայացրեց գործի քննությունը դատարանի Մեծ պալատ ընդունելու մասին որոշում:

«Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործում որպես երրորդ կողմ ներգրավվել են Հայաստանի և Թուրքիայի Հանրապետությունները: ՄԻԵԴ-ի Մեծ պալատը 2014թ. սեպտեմբերի 20-ին հաստատել է Հայաստանի մասնակցության հնարավորությունը: ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչը կլինի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:

2015թ. հունվարի 28-ին ՄԻԵԴ-ի Մեծ պալատը կսկսի Փերինչեքի գործի քննությունը:

Մեկնաբանել