Մայրաքաղաքում շահագործման են հանձնվել երկու նոր ավտոճանապարհներ

a2d849717036bec2f687477bcf64d6c2e5b78bccԴեկտեմբերի 25-ին Երևանում շահագործման է հանձվել վերակառուցված Արշակունյաց պողոտայի Աշխատանքի հրապարակից մինչև Շիրակի փողոց ընկած 1.3 կմ երկարությամբ և երթևեկելի մասի 21մ լայնությամբ ճանապարհահատված: Ինչպես հաղորդում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, ճանապարհները վերակառուցվել են Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի տրանշ 1-ի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ուղղված Ասիական զարգացման բանկի վարկային միջոցներով: Ծրագրի նպատակը միջազգային չափանիշներին համապատասխանող Երևանի հարավային ավտոճանապարհային դարպաս ունենալն է, որը նաև զգալիորեն կբեռնաթափի մայրաքաղաքի կենտրոնը տրանսպորտային հոսքերից:Ճանապարհների վերակառուցման արդյունքում ասֆալտապատվել է շուրջ 27000 քմ մակերես: Աշխատանքների շնորհիվ լայնացվել է ճանապարհի երթևեկելի մասը՝ ապահովելով 4-6 երթևեկելի գոտիներ: Մեկ առանձնացված երթևեկելի գոտի էլ կառուցվել է հարակից թաղամասի բնակչությանն սպասարկելու համար: Տարանջատվել են հանդիպակաց երթևեկելի գոտիները, կառուցվել են նոր մայթեր: Փողոցն ամբողջ երկայնքով ապահովված է ջրահեռացման համակարգով: Շինարարության ընթացքում ամբողջովին փոխվել են տվյալ հատվածում առկա հաղորդուղիները: Ճանապարհն ապահովված է եվրոպական չափանիշներին համապատասխանող, էներգախնայող լուսավորության համակարգով: Ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների իրականացման ազդեցության տակ ընկնող տարածքների հողօգտագործողներին տրամադրվել են համապատասխան փոխհատուցումներ:Ծրագրի հաջորդ փուլով նախատեսվում է Շիրակի փողոցի և Արշակունյաց պողոտայի հատման մասում կառուցել շրջանաձև երթևեկությամբ ճանապարհային խոշոր հանգույց՝ թունելային երկու բացվածքներով:

Այն Արտաշատի խճուղու լայնացման արդյունքում կապահովի Արշակունյաց պողոտայի և Շիրակի փողոցի տրանսպորտային հոսքերի ելքը դեպի մայրաքաղաքի հարավային ավտոճանապարհային դարպաս և դրանով իսկ զգալիորեն կբեռնաթափի նաև փոքր կենտրոնի տրանսպորտային ծանրաբեռնվածությունը:

Մայրաքաղաքում շահագործման է հանձնվել նաև Վիլնյուսի փողոցի՝ Նոր Նորքի 8-րդ զանգվածը 9-րդ զանգվածին միացնող 537 մետր երկարությամբ և 8-11 մետր լայնությամբ նոր ճանապարհատավածը: Դեռ խորհրդային տարիներից նախատեսված այս ճանապարհի կառուցումն իրականացվել է բացառապես համայնքային բյուջեի միջոցներով: