Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանը զայրացնում է Անկարային

amberin-zaman memorialՄերձավորարևելյան խնդիրները լուսաբանող Al-Monitor կայքում լույս է տեսել թուրք հայտնի լրագրող Ամբերին Զամանի հոդվածը, որում հեղինակն անդրադառնում է Շվեյցարիայի կառավարության որոշմանը՝ Ժնևում չտեղադրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան: Ամբերին Զամանը գրում է, որ իր գործողություններով Անկարան դժվարացնում է անցյալի վերքերի ամոքումը: Հոդվածը որոշ կրճատումներով թարգմանաբար ներկայացված է ստորև:  

1915թ. օսմանյան թուրքերի կողմից կայսրության հայ հպատակների զանգվածային սպանդի զոհերի հիշատակին նվիրված արվեստի նախագիծը սուր պատերազմ է հրահրել թուրքական կառավարության ու Շվեյցարիայի հայկական համայնքի միջև՝ սրելով տասնամյակների փոխադարձ կասկածանքն ու վրդովմունքը և միմյանց դեմ հանելով Բեռնի դաշնային կառավարությանն ու Ժնևի տեղական իշխանություններին, որտեղ պետք է տեղադրվեր հուշարձանը:

Ապրիլի 24-ին Ցեղասպանության 100-րդ տարելիցից ընդամենը ամիսներ առաջ դրույքները մեծանում են ավելի, քան երբևէ, և մինչև այս պահը Թուրքիան գերակայել է: Դեկտեմբերի սկզբին Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ դեմ է Ժնևի կանտոնում հայկական հուշարձանի տեղադրմանը, քանի որ դաշնային իշխանությունների համար «կարևոր է բացարձակ անկողմնակալություն պահպանել Ժնևում», որտեղ գտնվում են ՄԱԿ-ի ու միջազգային այլ կազմակերպությունների գրասենյակները, չարախնդորեն հաղորդել է Թուրքիայի կիսապետական Anadolu գործակալությունը:

Հավանական է, որ շվեյցարացիներն արձագանքում են թուրքական սպառնալիքներին, ասում են հայ ակտիվիստներն ու դիվանագիտական վերլուծաբանները: Ըստ հաղորդագրությունների՝ ՄԱԿ-ը նույնպես անցել է Թուրքիայի կողմը: Ժնևում ՄԱԿ-ի խոսնակը հրաժարվել է մեկնաբանել հարցը:

«Միջազգային սկանդալ է, որ շվեյցարական դիվանագիտությունն այդքան հոժարակամ նահանջել է թուրքական ճնշման ներքո,- Al-Monitor-ի հետ զրույցում բողոքում է Ժնևում ապրող հայ գիտնական Վիգեն Չեթերյանը:- Արվեստի գեղեցիկ մի նմուշ ապահով տեղ է փնտրում՝ արտացոլելով նահատակված ժողովրդի ու մերժված մարդկության հիշատակը»:

Նախագիծը, որը կոչվում է Reverberes de la Memoire կամ «Հիշողության լապտերներ», բաղկացած է ութ լապտերներից, որոնք կախված են կամարից՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ու Palais des Nations-ի միջև, որտեղ ժամանակին տեղակայված էր ՄԱԿ-ի նախատիպը հանդիսացող Ազգերի Լիգան:

Թուրքիայի ԱԳՆ-ի խոսնակը հետ չզանգահարեց հարցը մեկնաբանելու համար: Սակայն թուրք պաշտոնյաները Al-Monitor-ին խիստ գաղտնիության պայմանով ասացին, որ շվեյցարական կառավարությանը «խրախուսել են» արգելակել բրոնզե հուշարձանի տեղադրումը, որի մտահղացումը 2008-ին ծնվել է հայ նկարիչ Մելիք Օհանյանի մոտ: Շվեյցարիայի դաշնային օրենքների համաձայն՝ վերջնական որոշումը կընդունի Ժնևի կանտոնի կառավարությունը, որն իր վերջնական վճիռը կկայացնի հունվարի կեսին:

Շվեյցարահայ ակտիվիստ Ստեֆան Քրիսթենսենն ասում է, որ եթե տեղական իշխանությունները հետևեն ԱԳՆ-ի խորհրդին, նախագծի հեղինակները գործը կտանեն դատարան:

Շվեյցարացի ժողովրդի համակրանքը հայերի նկատմամբ նոր չէ: 19-րդ դարի վերջին, երբ օսմանյան կայսր սուլթան Աբդուլ Համիդ 2-րդը հրահանգել էր հայերին կոտորել, Շվեյցարիայի ավելի քան 400 հազ. քաղաքացի (բնակչության 13,7 տոկոսը) խնդրագիր էր ստորագրել՝ պահանջելով դաշնային կառավարությունից միջնորդել, որ Բարձր դուռը վերջ դնի իր վայրագություններին:

Ավելին՝ Շվեյցարիայում գործում են օրենքներ, որոնք քրեականացնում են ցեղասպանության հերքումը կամ արդարացումը: 2007թ. դաշնային դատարանը մեղավոր էր ճանաչել թուրք գրող և ձախակողմյան քաղաքական գործիչ Դողու Փերինչեքին ռասայական խտրականության հոդվածով՝ շվեյցարական հողի վրա ցեղասպանությունը «միջազգային սուտ» անվանելու համար:

2013թ. գործը հասավ Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): Ստրասբուրգում գտնվող դատարանը վճռել է, որ Շվեյցարիան խախտել էր Փերինչեքի՝ ազատ խոսքի իրավունքը: Մարտին Շվեյցարիան դիմել է ՄԻԵԴ-ի Մեծ պալատին՝ դատավճիռը վերանայելու խնդրանքով: Հայաստանը ներքաշվել է գործի մեջ Շվեյցարիայի կողմից՝ իրավաբանների իր թիմով: Վերջինում ընդգրկված է նաև դերասան Ջորջ Քլունիի կինը՝ Ամալ Ալամուդդինը, որը ծնվել է Լիբանանում և մարդու իրավունքների ոլորտում մասնագիտացած մեծ հեղինակություն վայելող փաստաբան է:

Փերինչեքը պարզապես կրկնել է թուրքական պաշտոնական դիրքորոշումը: Թուրքիան հերքում է, որ 1915թ. ողբերգությունը ցեղասպանություն էր: Իրադարձությունների սեփական տարբերակը, թե հայերի մեծ մասը դեպի Սիրիայի անապատներ բռնի տեղահանության ժամանակ մահացել է սովից և հիվանդություններից, երկար ժամանակ է՝ թուրքական արտաքին քաղաքականության առանցքն է: Այսպիսով՝ ցեղասպանության հուշարձանի տեղադրման խոչընդոտումը այս ամենի մի մաս է կազմում:

«Ցեղասպանություն» եզրը այլևս քրեական հանցանք չէ Թուրքիայում: Այդուհանդերձ՝ Թուրքիայի հետևողական ջանքերը, ուղղված հուշարձանների տեղադրման կանխմանը, «ագրեսիայի դրսևորում են հիշելու մեր իրավունքի, մեր կենդանի մնալու փաստը նշելու իրավունքի դեմ»,- Al-Monitor-ի հետ զրույցում ասաց Կալիֆոռնիայի համալսարանի արվեստի պատմաբան Հեղնար Զեյթլյան Ուոթենփաուն: Եթե Անկարան հաջողության հասնի Ժնևում «Հիշողության լապտերների» տեղադրումը մշտապես խոչընդոտելու հարցում, անցյալի վերքերը է՛լ ավելի դժվար կլինի ամոքել: