Սիրելի Ռուբեն, բարեկամս

Հասան Ջեմալի «1915. Հայոց ցեղասպանությունը» գրքի շապիկը: Թարգմանիչ՝ Ռուբեն Մելքոնյան։ Հասան Ջեմալի «1915. Հայոց ցեղասպանությունը» գրքի շապիկը: Թարգմանիչ՝ Ռուբեն Մելքոնյան։

Երևանի «Նոյյան Տապան» գրախանութում եմ: Իմ «Հայերը և թուրքերը» գրքերից է վաճառվել, գումար պիտի ստանամ: Հենց այդ պահին խանութի աշխատակցուհին շտապեցնում է և ասում, որ զանգահարեք Ռուբեն Մելքոնյանին, թող շուտ Հասան Ջեմալի գրքերից բերի, մարդիկ սպասում են: Զանգում են, հեռախոսի մյուս կողմից թուրքագետ բարեկամս, ենթադրաբար պատասխանում է՝ «Հասնում եմ»:

Դուրս եմ գալիս գրախանութից և հավաքում նրա ձեռքի համարը: «Հա, Թաթուլ ջան»,- ասում է Ռուբենը: Մի քիչ ստում եմ՝ «Ռուբեն ջան, հերթի մեջ մեռանք, Հասան Ջեմալի գիրքը հասցրու»: Ու չեմ կարողանում ծիծաղս զսպել: Ասում եմ՝ մի քանի շաբաթ առաջ, էս ի՜նչ մեղադրանքներ էր՝ թուրքական քարոզչություն և այլն, հիմա դո՞ւ ես Հասան Ջեմալի գրքերը վաճառում: Պատասխանում է՝ իմ արդար աշխատանքն է:

Մի քանի բարեկամական նախադասություն փոխանակելուց հետո (ես և Ռուբենը միասին ճամփորդել ենք, երկուսս էլ դասավանդում ենք ԵՊՀ-ում, ես կարդում եմ նրա՝ Թուրքիայի մասին գրությունները, անկեղծ ասած՝ հավանում եմ, և շատ ուրախ եմ, որ մեր թուրքագիտությունը երիտասարդանում է՝ Ռուբեն Մելքոնյան, Վահրամ Տեր-Մաթևոսյան, Արսեն Ավագյան, Արտակ Շաքարյան և այլ գնահատելի անուններ) ժպտալով ու խնդալով վերջացնում ենք խոսակցությունը: Մտածում եմ՝ Ռուբենը շուտ հասցնի Հասան Ջեմալի գրքերը, իրոք մարդիկ սպասում էին, աչքովս տեսա:

Հիմա ավելի լուրջ:

Այո, պարոն Մելքոնյանը շատ ճիշտ է՝ դա իր արդար աշխատանքն է: Հասան Ջեմալի գիրքը ինքն է թարգմանել, դրա դիմաց Պոլսում գործող «Հրանտ Դինք» հիմնադրամը վճարել է (եթե արժանապատիվ չի վճարել, ապա դա արդար չէ): Եթե իր և թուրքական հիմնադրամի միջև պայմանավորվածություն է խախտվել, ապա դա էլ արդար չէ: Բայց սրանք մանրամասներ են, որոնք ինձ չեն հետաքրքրում: Ես ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ կապ ունեն այն հասարակական կազմակերպությունները, որոնց պարոն Մելքոնյանը ծանրագույն և անպատասխանատու մեղադրանքներ պիտակեց, իսկ գործող իշխանությունների կրնկի տակ թփրտացող լրատվամիջոցները կրակ էին թափում: Սրանք այն նույն լրատվամիջոցներն էին, որ Աբդուլլահ Գյուլի 2008-ի Երևան այցը գրեթե համահայկական տոնախմբության էին վերածել, մի կազմակերպություն զինանշանի վրայից Արարատ էր ջնջում ու այլ անպատկերացնելի այլանդակություններ:

Ճիշտ այն օրերին, երբ Հայոց ցեղասպանության ծրագրողներից և իրականացնողներից Ջեմալ փաշայի թոռը՝ 70-ամյա Հասանը Երևանում իր գիրքն էր ներկայացնում, ես չորս օր հայ-ադրբեջանական սահմանում էի: Սահմանապահ գյուղերում լրագրողական աշխատանքը ավարտելուց հետո Բերդ քաղաքում մտնում եմ Ֆեյսբուք: Այն ուղղակի պայթում է: Պարոն Մելքոնյանը խոսում է տեսախցիկների առաջ: Առաջին բանը, որ մտածեցի, հետևյալն էր՝ պարոն Մելքոնյանը հավանաբար իր իսկ թարգմանած գիրքը կամ գրքերի մի քանի տասնյակ հատորներ ուր որ է հրապարակավ կհրկիզի՝ այդպես արտահայտելով իր բողոքը այս անարդար աշխարհի դեմ: Երեկոյան Տավուշում միացնում եմ հեռուստացույցը, կարծեմ երկուշաբթի երեկո էր, միայն Հ1 կա: Ու ի՞նչ՝ Նվեր Մնացականյանի հյուրը Ռուբեն Մելքոնյանն է:

Ու ես մտածում եմ՝ ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետում, երրորդ հարկում, երբ ես ու Ռուբենը իրար դեմ դուրս գանք, բարևից հետո պետք է դժվարությամբ ասեմ՝ դա ակադեմիականի, գիտնականի պահվածք չէ: Կանցնեն տարիներ, և կհամոզվես: Բայց հիմա ես շատ ուրախ եմ, որ դա այլևս չեմ ասելու նրան և ինչպես միշտ պարզ բարևելու ենք ու անցնելու:

Իրավամբ, անցած լինի: Մանավանդ, որ Հասան Ջեմալի գիրքը գուցե արժեր թարգմանել: Եվ լավ է, որ հենց Ռուբեն Մելքոնյանը ստանձնեց այդ պատասխանատու գործը:

Եվ վերջում՝ կրկին բարեկամաբար:

Սիրելի Ռուբեն, բարեկամս, շնորհավոր քո գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը: 2015-ը քո և շատերիս համար լինելու է մարտահրավերի տարի: Համատեղ անցնենք այդ ճանապարհը:

Մեկնաբանել