Կստեղծվի ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն

RF-govՌուսաստանի Դաշնության կառավարությունը հավանություն է տվել մարդասիրական արձագանքման համատեղ կենտրոնի ստեղծման մասին Ռուսաստանի և Հայաստանի միջև համաձայնագրին, հաղորդում է «Ռիա նովոստի»-ն:

Մարդասիրական արձագանքման համատեղ կենտրոնը նախատեսվում է ստեղծել Կովկասյան տարածաշրջանում արտակարգ իրավիճակների վերացմանը նպաստելու համար։ Կենտրոնը կփոխգործակցի ՄԱԿ-ի, Եվրոպական միության և այլ միջազգային կազմակերպությունների կառույցների հետ։

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությանը հանձնարարվել է արտգործնախարարության մասնակցությամբ բանակցություններ վարել և համաձայնագիր ստորագրել կառավարության անունից։

Կենտրոնի առաջ խնդիր կդրվի նախազգուշացնել և վերացնել արտակարգ իրավիճակները, ներառյալ՝ հրդեհների մարումը, որոնողափրկարարական աշխատանքները, մարդասիրական օգնության տրամադրումը և այլն: