ԱՄՆ-ը մտահոգ է Ադրբեջանում «Ազատություն» ռադիոկայանի փակման փաստով

Azerbaijan-RLԱդրբեջանում ԱՄՆ դեսպանատունը մտահոգություն է հայտնել «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության գրասենյակում անցկացված խուզարկության, ռադիոկայանի աշխատակիցների ձերբակալման և հարցաքննման մասին հաղորդումների կապակցությամբ, փոխանցում է ադրբեջանական Turan գործակալությունը:

«Հայտնի չէ խուզարկության ու աշխատակիցներին հարցաքննելու պատճառը: Մենք կոչ ենք անում պաշտոնատար անձանց գործել թափանցիկ, անկախ մամուլին աջակցելու սկզբունքին համապատասխան և Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակում: Հուսով ենք, որ Ադրբեջանի պաշտոնական մարմինները կգործեն ազատ ու անկախ մամուլի կարևորության ըմբռնմամբ` երկրի քաղաքացիների բարեկեցության համար»,- ասված է դեսպանատան հաղորդագրությունում:

Դեկտեմբերի 26-ին Ադրբեջանի գլխավոր դատախազության աշխատակիցները մոտ վեց ժամ տևած խուզարկությունից հետո կնքել էին «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակը դռները: Մինչ այդ գրասենյակում հեռախոսները և ինտերնետային կապն անջատվել էր, աշխատակիցներին հավաքել էին մեկ սենյակում և թույլ չէին տվել մոտենալ համակարգիչներին կամ մասնակցել խուզարկությանը:

Ադրբեջանի գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն՝ խուզարկությունն իրականացվել է Ծանր հանցագործությունների քննչական կոմիտեի կողմից քննվող քրեական գործի շրջանակում՝ չհստակեցնելով՝ կոնկրետ որ գործի մասին է խոսքը:  Ադրբեջանական contact.az-ի՝ հաղորդմամբ՝  խոսքն ամենայն հավականությամբ Ադրբեջանում մի շարք հասարակական կազմակերպությունների դեմ հարուցված քրեական գործի մասին է, ըստ որի՝ այդ հկ-ները մեղադրվում են օտարերկրյա դրամաշնորհների իրացման ժամանակ խարդախության և հարկերից խուսափման մեջ: