Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում չեն պահպանվել սանիտարահամաճարակային կանոնները, ինչն էլ հանգեցրել է մանկապարտեզի տասնյակ սաների, ինչպես նաև աշխատակիցների և նրանց հետ շփվող մարդկանց շրջանում զանգվածային թունավորման, հաղորդում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։
Քննությամբ հիմնավորվել է, որ նշված նախադպրոցական հաստատությունում չեն պահպանվել «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության մասինե ՀՀ օրենքով սահմանված սանիտարահամաճարակային կանոնները, դրանց պահպանման համար պատասխանատու անձանց կողմից դրսևորվել է հանցավոր անփութություն, չեն իրականացվել սանիտարահիգիենիկ ու հակահամաճարակային միջոցառումներ՝ շրջակա միջավայրի աղտոտման վերացման, կանխման, կենցաղի պայմանների բարելավման, ինչպես նաև հիվանդությունների առաջացման և տարածման կանխարգելման ուղղությամբ:
Մանկապարտեզում խախտվել են նաև առողջապահության նախարարի հրամանով հաստատված` նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջները:
«Արդյունքում` թիվ 1 մանկապարտեզի խոհանոցում ստեղծվել է հակասանիտարահամաճարակային իրավիճակ, որը նպաստել է մարդու օրգանիզմի վրա վտանգավոր գործոնների ազդեցությանը` անզգուշությամբ առաջացնելով մանկապարտեզի տասնյակ սաների, ինչպես նաև աշխատակիցների և նրանց հետ շփվող մարդկանց շրջանում զանգվածային թունավորման:
Քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ` քննիչը որոշում է կայացրել Եղվարդի թիվ 1 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի տնօրեն Մ.Մանուկյանին և նույն մանկապարտեզի բուժքույր Ն.Առաքելյանին ՀՀ քրական օրենսգրքի 277-րդ հոդվածի առաջին մասով` Սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում կամ թունավորում, որպես մեղադրյալ ներգրավելու մասին»,- ասված է Քննչական ծառայության հաղորդագրությունում:
Պատկան կառույցներին հանձնարարվել է մանկապարտեզում իրականացնել համապատասխան ստուգումներ և միջոցներ ձեռնարկել՝ հակասանիտարահամաճարակային իրավիճակը վերացնելու ուղղությամբ, որից հետո մանկապարտեզը կվերսկսի իր բնականոն գործունեությունը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ակնարկ
Նոյեմբերի 28-ին` ժամը 18:40-ին, Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել, որ «սննդային թունավորում» նախնական ախտորոշմամբ Եղվարդ քաղաքի թիվ 1 մանկապարտեզից բուժօգնության են տեղափոխվել մանկահասակ երեխաներ: Դեպքի առնչությամբ հարուցվել էր քրեական գործ:
Նոյեմբերի 28-ի դրությամբ, քննության տվյալների համաձայն, ընդհանուր առմամբ հոսպիտալացվել էր 54 երեխա։
Դեկտեմբերի 1-ի դրությամբ` Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնում գտնվում է 24 երեխա և 2 մեծահասակ, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում՝ 18 և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում՝ մեկ երեխա։ Ամբուլատոր պայմաններում սպասարկվում է 33 երեխա։