Մահացել է Վահան Հովհաննիսյանը

Vahan-HovhannisyanԴեկտեմբերի 28-ին, 58 տարեկանում երկարատև և ծանր հիվանդությունից հետո մահացել է Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության Բյուրոի անդամ, Գերմանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանը:

Վահան Էդուարդի Հովհաննիսյանը ծնվել է 1956թ. Երևանում:

1978թ. ավարտել է Մոսկվայի մանկավարժական ինստիտուտը։ 1978-1980 թթ. ծառայել է խորհրդային բանակում։ Հաջորդ ինը տարիները «Էրեբունի» թանգարանում եղել է գիտաշխատող և գիտահետազոտական բաժնի վարիչ։ 1989թ. Հովհաննիսյանը գիտաշխատող է եղել Հայաստանի գիտությունների ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտում։

1990-1992 թթ. Վահան Հովհաննիսյանը մասնակցել է Արցախի ազատագրական պայքարին։ Անդամագրվել է ՀՅԴ Հայաստանի Կենտրոնական կոմիտեին և 1992-1995թթ. անդամ է եղել ՀՅԴ-ի բյուրոյին։ 1995-1998 թթ. բանտարկված է եղել՝ քաղաքական դրդապատճառներով (հետագայում չհաստատված մեղադրանքներով)։ 1998-1999 թթ. աշխատել է ՀՀ նախագահի խորհրդական, տեղական ինքնակառավարման հարցերով հանձնաժողովի նախագահ։ 1999-2003 թթ. ԱԺ պատգամավոր է եղել (թիվ 17 ընտրատարածք)։ Ընտրվել է ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ։

2003, 2007, 2012 թվականներին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՅԴ համամասնական ընտրացուցակով։ 2003-ին և 2007-ին ընտրվել է ԱԺ նախագահի տեղակալ, հրաժարական է ներկայացրել 2008թ.։ Հովհաննիսյանը ՀՅԴ-ի թեկնածուն էր 2008թ. Հայաստանի նախագահական ընտրություներին։

2013թ. դեկտեմբերի 28-ին նախագահի հրամանագրով նշանակվել էր Գերմանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։

Մեկնաբանել