Ադրբեջանում ձերբակալում են «Ազատություն» ռադիոկայանի աշխատակիցներին

RL-arrestԱդրբեջանում ոստիկանությունը իրականացնում է «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակի աշխատակիցների զանգվածային ձերբկալություններ:

Ինչպես ադրբեջանական Turan գործակալությանը հայտնել է գլխավոր խմբագիր Զեյնապ Մամեդլին, գիշերվանից սկսած՝ ոստիկանությունը ռադիոկայանի աշխատակիցներին ստիպել է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության:

Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 14:00-ի դրությամբ, առնվազն 12 մարդ ձերբակալվել է, որոնց թվում է նաև ամենօրյա ծրագրի հաղորդավար Կյամրան Մահմուդովը: Նրան բերման են ենթարկել գիշերը՝ թույլ չտալով նույնիսկ կոշիկներ հագնել: Մի քանի ժամ տևած հարցաքննությունից հետո Մահմուդովին բաց են թողել:

Ձերբակալվել է նաև «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության կայքի ռուսալեզու բաժնի խմբագիրը:

Contact.az-ի վերջին տվյալների համաձայն՝ Բաքվի գրասենյակի փաստաբանը հեռացվել է պաշտպանությունից և քրեկան գործում ներգրավվել որպես վկա:

Դեկտեմբերի 26-ին Ադրբեջանի գլխավոր դատախազության աշխատակիցները մոտ վեց ժամ տևած խուզարկությունից հետո կնքել էին «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակը դռները: Մինչ այդ գրասենյակում հեռախոսները և ինտերնետային կապն անջատվել էր, աշխատակիցներին հավաքել էին մեկ սենյակում և թույլ չէին տվել մոտենալ համակարգիչներին կամ մասնակցել խուզարկությանը:

Ադրբեջանի գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն՝ խուզարկությունն իրականացվել է Ծանր հանցագործությունների քննչական կոմիտեի կողմից քննվող քրեական գործի շրջանակում՝ չհստակեցնելով՝ կոնկրետ որ գործի մասին է խոսքը: Ադրբեջանական contact.az-ի՝ հաղորդմամբ՝ խոսքն ամենայն հավականությամբ Ադրբեջանում մի շարք հասարակական կազմակերպությունների դեմ հարուցված քրեական գործի մասին է, ըստ որի՝ այդ հկ-ները մեղադրվում են օտարերկրյա դրամաշնորհների իրացման ժամանակ խարդախության և հարկերից խուսափման մեջ:

Մեկնաբանել