Անհետացած ինքնաթիռում հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չեն եղել

_79964129_6j9k5q72Ջակարտայում Հայաստանի դեսպանության ճշտված տվյալներով դեկտեմբերի 28-ին անհետացած ինքնաթիռում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չեն եղել։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։

AirAsia Indonesia ընկերության ինքնաթիռը, որը թռիչք էր իրականացնում Ինդոնեզիայի Սուրաբայ քաղաքից դեպի Սինգապուր, ավիադիսպետչերների հետ կորցրել է կապը դեկտեմբերի 28-ին՝ տեղական ժամանակով 06:17-ին (Երևանի ժամանակով՝ 03:17-ին)։ Օդաչուները եղանակային վատ պայմանների պատճառով երթուղու փոփոխություն են խնդրել, սակայն ռադարներից անհետանալուց առաջ տագնապի որևէ ազդանշան չեն տվել։

Օդանավում եղել է 155 ուղևոր և անձնակազմի յոթ անդամ։

Օդանավի որոնողական աշխատանքները ներկայում շարունակվում են։ Չի բացառվում, որ այն ծովի հատակում է։

AirAsia Indonesia-ն մալայզիական ավիաընկերության ինդոնեզական մասնաճյուղն է, որի կենտրոնակայանը տեղակայված է Ջակարտայում։

2014թ․ երկու խոշոր ավիաաղետ էր տեղի ունեցել Մալայզիայի գլխավոր ավիափոխադրողի՝ Malaysia Airlines ավիաընկերության ինքնաթիռների հետ։ Մի Boeing-ը, որը Կուալա Լումպուրից մեկնում էր Պեկին, մարտի 8-ին անհետացել էր ռադարներից (ինքնաթիռում եղել էր 239 մարդ՝ 227 ուղևոր և անձնակազմի 12 անդամ), մյուսը հուլիսի 17-ին խփվել էր Ուկրաինայի արևելքում, զոհվել էր 298 մարդ։