Հրապարկվել է կաթողիկոսի կոնդակը Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ

MHM77405 copyԱրդարություն է պահանջում մեր անմեղ զոհերի արյունը, մեր ժողովրդի կրած տառապանքը, արդարություն են պահանջում մեր ավերակված սրբությունները, մեր ժողովրդի ոտնահարված իրավունքները, նաև` կեղծվող և խեղաթյուրվող պատմությունը մեր ժողովրդի, ասված է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով հրապարակված կոնդակում: Ինչպես հաղորդում են Մայր աթոռի մամլո դիվանից, կոնդակը հրապարակվել է դեկտեմբերի 28-ին: Կաթողիկոսի խոսքով՝ «արդարության համար՝ մինչև մեր դատի հաղթանակ, միասնաբար՝ եկեղեցի, ազգ, պետություն, աննահանջ պիտի շարունակենք մեր պայքարը»:

«Ցեղասպանություն վերապրած մեր ժողովուրդը հաստատել և հաստատում է, որ տասնյակ երկրների, պետական, հասարակական կազմակերպությունների ու անհատների կողքին, ովքեր ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, պիտի կանգնեն նորերը, համոզումով, որ արդարության հաստատումը պայմանն ու երաշխիքն է թշնամանքից և բռնությունից զերծ խաղաղ աշխարհի:

Մենք երախտագիտության մեր խոսքն ենք վերստին ուղղում այն պետություններին, կազմակերպություններին, անձանց, ովքեր ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Երախտագիտություն ենք հայտնում մեր ժողովրդի զավակներին եղբայրաբար ընդունած երկրներին ու նրանց բարեսեր ժողովուրդներին: Մարդկության պատմության լուսավոր էջեր են արդարության և մարդասիրության այսօրինակ դրսևորումները, որ սերունդներից միշտ պիտի հիշվեն եւ միշտ գնահատվեն ու նպաստեն աշխարհի խաղաղ, անվտանգ, համերաշխ կյանքին:

Հայոց Հայրապետիս համար հոգևոր մխիթարություն է ի լուր մեր ժողովրդի ծանուցել, որ 2015 թ. ապրիլի 23-ին մեր Սուրբ Եկեղեցին պատարգի ընթացքում հատուկ արարողակարգով սրբերի շարքում է դասելու նահատակության պսակն ընդունած իր զավակներին` Ցեղասպանության նահատակ սրբերի հիշատակի օր հռչակելով ապրիլի 24-ը:

100-րդ տարելիցը արդյունավորենք մեր ժողովրդի մեկդարյա մաքառումի և վերածննդի ուղին արժևորելով, որպեսզի մեր զավակները ճանաչելով իրենց պապերի և հայրերի ապրելու և ստեղծելու հերոսական կամքը, հանուն ազգի և Հայրենիքի ստանձնած հանձնառությունները` կերտեն նոր պայծառ օրը հայրենի մեր երկրի ու աշխարհասփյուռ ժողովրդի: Մեր նահատակների հիշատակի ոգեկոչումը դարձնենք ուժ և զորություն հոգևոր, ազգային, հայրենական մեր կյանքին և Աստուծո ու մարդկանց առաջ արդար ընթացքով լուսավորենք մեր ճանապարհը դեպի մեր իրավունքների, մեր նվիրական իղձերի իրականացման հանգրվան»,- ասված է կոնդակում:

Մեկնաբանել